«Նա այն հեղինակն է, որին ակտիվորեն կարդում էր իմ սերունդը»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. (Ֆոտոշարք)

«Նա այն հեղինակն է, որին ակտիվորեն կարդում էր իմ սերունդը»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. (Ֆոտոշարք)

Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում այսօր ներկայացվեց Գերմանիայի 20-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկի՝ Հայնրիխ Բյոլի կյանքի և գրական ժառանգության մասին պատմող նյութերի ցուցահանդեսը։ 18 մեծ պաստառներից բաղկացած «Միջամտությունը ցանկալի է» ցուցահանդեսին ներկայացված էին գրողի քաղաքական մտքերն ու մոտեցումները։

«Անվիճելի է այն փաստը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բյոլը գերմանական գրականության մեծագույն ներկայացուցիչներից է, եթե ոչ 20-րդ դարի լավագույններից մեկը։ Անվիճելի է, որ նրա ստեղծագործությունը մեկընդմիշտ խարսխվել է կոլեկտիվ մտածողության մեջ, համենայն դեպս նա այն հեղինակն է, որին ակտիվորեն կարդում էր իմ սերունդը»,-իր բացման խոսքում նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մաթիաս Քիսլերը։

Նա ասաց, որ չնայած վիճելի կարող է լինել գրողի այս կամ այն քաղաքական մոտեցումը, բայց փաստ է, որ նա հիանալի ճարպկությամբ և վարպետությամբ է կարողացել շոշափել թեմաներ և դարձնել հանրային քննարկման համար, ինչը այսօր ըստ դեսպանի, կասկածելի է, որ կհաջողվի մեկ այլ գրողի։

Հայնրիխ Բյոլն հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Նինո Լեժավան մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 24-ը։

«Մեր նպատակն է հիշեցնել և ևս մեկ անգամ բարձրաձայնել գերմանացի գրող Հայնրիխ Բյոլի անունը։ Մենք հույս ունենք որ երիտասարդների մոտ Հայնրիխ Բյոլի գործերի վերաբերյալ հետաքրքրությունը կավելանա, չէ որ նա ոչ միայն գրող էր, այլ նաև քաղաքական թեմաներին անդրադարձող ինտելեկտուալ մարդ։ Հուսով ենք որ այս ցուցադրությամբ ցույց կտրվի ոչ միայն իր գրական գործերը, այլ նաև իր ամբողջ քաղաքական գործունեությունը»։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ