Պետք է կասեցնել կեղծ գիտությունը

Պետք է կասեցնել կեղծ գիտությունը

Կամ վիրավորանք՝ Հայաստանի գիտության համար

Լրատվամիջոցներից մեկում հրապարակված անվանի գիտնականների «Կասեցնել կեղծ գիտությունը» խորագրով նամակում հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնել Հերունու կեղծ գիտական «արդյունքների» դպրոցական դասագրքեր մտնելու վերաբերյալ: Նկատի ունենալով այդ «արդյունքերի» ապշեցուցիչ լայն տարածվածությունը՝ որպես անտենաների բազմամյա փորձով մասնագետ, ուզում եմ ավելացնել իմ նկատառումները: Հերունու «անտենայում», ինչպես նշում են հարգարժան գիտնականները, իրոք խախտված են տարրական տեխնիկական սկզբունքներ, ինչի հետեւանքով այդ «խրտվիլակը» երբեք չէր կարող աշխատել միկրոալիքային տիրույթում:

Բերեմ միայն մի փաստ, որ կարծում եմ կցնցի յուրաքանչյուր ընթերցողի. հասարակությանը խաբեության աստիճանը Հերունին հասցրել էր այնտեղ, որ ԳԱԱ-ի ժողովում իր ելույթում հայտարարել էր, թե իբր իր անտենայով հերքել է տիեզերական մնացորդային միկրոալիքային ճառագայթման գոյությունը: Նրան անգամ չէր կանգնեցրել այն, որ այդ ճառագայթման հատնագործության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ եւ այն տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում հետազոտվում է ամենամանրակրկիտ ձեւով:

Այդ երբեք չաշխատած «անտենայի» արդյունքներով չկա որեւէ գիտական հրատարակում, հետեւաբար դրա մասին եղած գովերգումները եւ դպրոցական դասագրքում հայտնվելը պետք է համարել ուղղակի վիրավորական Հայաստանի գիտության համար:

 

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

տեխնիկական գիտությունների թեկնածու

«Առավոտ»

23.12..2017