2018-ին քիչ երեխաներ կծնվեն, մահերի թիվը կաճի, ամուսնությունները՝ կնվազեն

2018-ին քիչ երեխաներ կծնվեն, մահերի թիվը կաճի, ամուսնությունները՝ կնվազեն

Այսօր «Հայելի» ակումբում ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը միգրացիոն եւ ժողովրդագրական բացասական, նույնիսկ սարսափեցնող կանխատեսումներ արեց: Պարոն Եգանյանն ասաց, որ 2018 թվականին ծնելիության ավելի ցածր մակարդակ է գրանցվելու, քան այս տարի: Մասնավորապես, 7-8 %-ով ավելի քիչ երեխաներ են ծնվելու: Արձանագրվելու է մահացածների թվի աճ, ամուսնությունների թիվը նվազելու է:

Ըստ Եգանյանի, վերարտադրական տարիք են մուտք գործել 90-ականների կեսերին ծնվածները, որոնք թվաքանակով քիչ են, ուստի, նաեւ քիչ երեխաներ կծնվեն. «Ծնելիության ամենաբարձր մակարդակը Հայաստանում գրանցվել է 1986 թվականին՝ 81 հազար երեխա, ամենացածր մակարդակը նկատվել է 2002 թվականին՝ 32 հազար: Ինչ վերաբերում է ծնելիության ներկա մակարդակին, ապա պարզ վերարտադրություն այլեւս տեղի չի ունենում, նեղացող վերարտադրություն է նկատվում»:

Անդրադառնալով միգրացիոն գործընթացներին` ասաց, որ Հայաստանից միգրացիոն հոսքերը շարունակում են զանգվածային բնույթ կրել: Ըստ Եգանյանի, այս տարի տնային տնտեսությունների 35 տոկոսից ավելին ինչ-որ ձեւով մասնակից է եղել միգրացիոն գործընթացներին, նախորդ տարվա համեմատ 2% աճ է նկատվել:

Պարոն Եգանյանի ներկայացմամբ՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ խթանել է միգրացիոն հոսքերը մեր երկրից, եւ օրինական հիմունքներով, պայմանագրերով արտերկրում աշխատելու հեռանկարը գայթակղել է հազարավոր մարդկանց:

Ժողովրդագրագետի խոսքերով՝ միգրացիայի տնտեսական ներուժը շարունակում է նվազել՝ չնայած այն բանին, որ ներմուծվող ֆինանսներն աճել են. «Միգրացիան այլեւս աղքատությունից խուսափելու միջոց չէ»: Ըստ ժողովրդագրագետի՝ միգրացիոն հոսքերի զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Եգանյանի խոսքերով՝ բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց սոցիալ-տնտեսական վիճակը միգրացիայի արդյունքում ոչ թե բարելավում է, այլ հակառակը՝ վատթարանում. «Եթե նախկինում միգրացիան գոյատեւման ռազմավարություն էր, այսօրվա դրությամբ այն վտանգներ է պարունակում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ