Ամանորի գիշերը պարտադիր է փողը մտցնել ջրի մեջ․ ժողովրդական հավատալիքները՝ ըստ էթնոհոգեբանի

Ամանորի գիշերը պարտադիր է փողը մտցնել ջրի մեջ․ ժողովրդական հավատալիքները՝ ըստ էթնոհոգեբանի

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանն Aravot.am հետ զրույցում, ներկայացնելով ժողովրդական հավատալիքները կապված Ամանորի հետ, ասաց․ «Շատ կարևոր է, թե ով է առաջինը հյուր գալիս։ Ըստ ժողովրդական հավատալիքների, շատ էական է առաջինի գաղափարը, օրինակ՝ առաջին օրը, առաջին հանդիպումը, առաջին պտուղը, առաջին սերը, առաջին համբույրը։ Առաջինն ունի իրենից հետո եկող նման առարկաների կամ երևույթների վրա ներգործելու հմայական հատկություն։ Ցայսօր էլ ժողովրդի մեջ այդ հավատալիքը պահպանվում է, և մարդիկ մտածում են՝ ո՞վ իրենց տուն առաջինը կգա, այսինքն՝ ո՞վ առաջինը շեմը կանցնի։ Եվ, ըստ այդմ էլ, նաև չէր կարելի նաև դատարկ ձեռքով մտնել որևէ տուն, պետք է մի ցորենի հասկ, մի բան, որպեսզի տվյալ ընտանիքի համար հողաբերքի, պտղաբերքի ու առատության տարի լիներ»։

Ըստ Կարինե Սահակյանի, Ամանորին բոլորը հաշտվում էին, քանի որ Ամանորը մարդկային կյանքի նորացման գաղափարին է ուղղված։ «Հին վեճերը, հին կոնֆլիկտները, քենը, զայրույթն, ամեն ինչ պետք է թողնել անցյալում և գնալ դեպի նորը, կյանքի նորացումը։ Այդ առումով Ամանորը ընտանեկան և համայնքային հարաբերությունների բարելավմանն է ուղղված», -ասում է էթնոհոգեբանը։

Մեր զրուցակցը, խոսելով ամանորյա ուտեստներից, ասաց՝ ծիսակարգում պետք է լինեին պասուց կերակուրներ, որովհետև Ամանորը պասուց տոն է, իսկ կոնկրետ Գյումրիում քունջութի ձեթով, աղացած ձավարով տոլմա են պատրաստել և սեղանին պարտադիր եղել են հատիկեղեններ՝ որպես սերմի գաղափար, որպեսզի այդ ընտանիքը բարգավաճի։ «Դա նաև կենաց ծառի գաղափարն է, կարմիր լոբին՝ սարիղամիշի փայտից պատրաստված, Գյումրվա երկար, մեծ սեղանի վրա պարտադիր է եղել։ Թերած է եղել նաև սոխով, սերմը և պասուց՝ ձեթեղեն կերակուրները և շատ գեղեցիկ էին և պարտադիր։ Գյումրին ունեցել է իր յուրահատուկ խմորեղենների՝ գաթաների տարատեսակները, ոչ թե կրեմով, քաղցրավենիքով խմորեղեններ են արել, բացառապես գաթաներ՝ բուրմա գաթա, ծեծովի գաթա, Գյումրվա գաթա, խորիզով գաթա և անպայման սահանչորակի, որը պատրաստել են «բուրժույկաների» մեջ։ Բոլոր ընտանիքներն ունեցել են «բուրժույկաներ», նախկին «կեռասինկա» հիշեցնող, բայց կլոր է, խմորեղենը հենց այդ «բուրժույկայի» միջից դուրս է գալիս շրջանաձև։ Շատ կարևոր էր շրջանի գաղափարը, դա մարդու կյանքի ապրած օրերն էին։ Նույնիսկ ծիսական պարերի ժամանակ, երբ որ շրջանաձև պարում էին, դեպի աջ գնացող պարերի ժամանակ շրջան էին կազմում։ Գաթաներն էլ պիտի կլոր լինեն, դա արևի պաշտամունքի հետ է կապված, ընտանիքի ամբողջականության հետ է կապված և անհատի կյանքի փուլերի։ Երբ որ մեկը շրջանից դուրս էր ելնում ծիսական պարերի ժամանակ, ենթագիտակցորեն մյուս երկուսի ձեռքերը նորից ագուցում էին իրար, որպեսզի կյանքը չընդհատվեր։ Դա պարողի կյանքի ընթացքն էր»։

Կարինե Սահակյանի մատուցմամբ, Ամանորի գիշերը պարտադիր էր գետերի մեջ ընկղմել փող, որպեսզի տարին բարեբեր լիներ, պիտի մտցնեիր ջրի մեջ, կանգնեիր լուսնի լրման պահին, որպեսզի տարին լիներ հարստության և առատության տարի։ «Հին գյումրեցիները Ամանորը Տարեմուտ են ասել, Տարենոր, Տարեգլուխ, Կաղանդ, Կանդել, Նախասկզբնակ, երգվող երգերը եղել են կալանդոս երգեր, այսինքն` Նոր Տարվան նվիրված երգեր և նվերները, որ միմյանց տվել են՝ կաղանդչեկ։ Շատ կարևոր էր միմյանց խնձոր նվիրելը, հատկապես նորահարսերին են նվիրել, խնձորափոխանակություն է եղել։ Կամ խնձոր կամ նուռ են նվիրել, եթե որևէ տղա որևէ աղջկա խնձոր էր նվիրում, դա սիրո բացատրություն էր, ավելին էր, քան սերը։ Խնձորը պետք է զարդարված լիներ կամ փողերով կամ փուլերով, դա կարող էր լինել արծաթից կամ ոսկուց, բայց խնձորը մի քիչ ծայրից պետք է երևար։ Խնձորը կարող էր լինել ցորենի հասկերի մեջ՝ ծաղիկներով զարդարված, շատ գեղեցիկ էր։ Խնձորը կարող էին այնպես ձևավորել, որ մարդակերպ լիներ, կարող էր սիրտ լինել։

Իսկ Տարեմուտի ամենակարևոր բաղադրամասը գուշակություններն էին։ Գուշակությունը կապված էր տարեհացի՝ գաթայի հետ, մեծ գաթայի մեջ դնում էին անպայման որևէ իր՝ լոբի, նուշ, բադամ կամ փող, և տարեհացը բաժանում էին ընտանիքի անդամների թվով ու կտրատում էին, ում բաժնի միջից որ դուրս գար նշված իրը, ուրեմն տարին նրանը կլիներ։Կարելի էր բաժանել տարվա 12 ամիսների վրա, նայած թե որ ամիսը քեզ հաջողություն կլիներ։ Հաստատ մի բաժինը հյուրի համար էր լինելու, հիվանդ հարևանի և մեկն էլ Հիսուս Քրիստոսի համար։ Ընտանիք կա, որ երեք հատ ավել էր անում այդ երեքի համար։ Տարիների փորձառությունը վկայում է, երբ որ դանակը գալիս էր այդ փողին, ասում էին, որ տարին բարեհաջող չէ կամ այդ ընտանիքը ինչ-որ դժբախտություն կարող է ունենալ։ Մարդիկ կան, ասում են՝ այդ գուշակությունն այնքան ստույգ է, որ ես վախենում եմ անել։

Գուշակության երկրորդ ձևն էլ փոքր քսակն էր ՝ խմորից պատրաստված, տիկնիկն էր, եթե ընտանիքը մուրազով ուզում է երեխա ունենալ, խմորից տիկնիկ էին պատրաստում և իջեցնում էին թոնիրը, եթե քսակը ուռչեր, նշանակում է մարդը կհարստանար։ Տղա և աղջիկ երեխաների պատկերներով խմորը էլի իջեցնում էին թոնիրը, եթե խմորը ուռչում էր, նշանակում է՝ իրենց երազանքը կկատարվեր։ Կային նաև լուսնի և արևի պատկերներ խմորից, ասում էին, որ խմորը Հիսուսի մարմինն է և չի կարելի Ամանորի խմորը ջղայնացած հունցել, պետք է ժպիտը դեմքին հունցել, որպեսզի տարին բարեբեր լինի։

Արդեն ասացի, որ պարտադիր էին նվերները, ցորենի հասկը կարող էր նվերների մեջ լինել, թավրիզու փուշի՝ փայլուն գլխաշոր կամ սփռոց։ Նոր Տարին հին սփռոցով չի կարելի դիմավորել, որպեսզի նոր բարեբերություն բերի»։

Էթնոհոգեբանի ասելով, Գյումրիում Ամանորի կոնֆետները վաճառում էին Կիրովի ճեմափողոցի վրա գտնվող մեծահարուստ Երանոսովների խմորեղենի խանութից, որն այնքան առատ էր, որ կարելի էր նույնիսկ օձի թույն գտնել։ Երանոսովների խանութի կողքը եղել են Չանգի Խաչոյի և Ճերմակ Համոյի խանութները, որոնք հենց ամանորյա հացն են թխել։

Ըստ էթնոհոգեբանի, ամանորյա զարդարանքներից առանձնանում է դռների զարդարանքը։ Դրանք զարդարել են խաչերով ու կարմիր թելերով, որպեսզի տարին հաջող անցներ։ «Մարդիկ իրենց դռներից իրեր էին կապում կամ կարմիր խաչեր, որպեսզի տարին բարեբեր լիներ։ Հայերը իրենց դուռն ու շեմը պաշտել են, որպեսզի շեմը բարեբեր լինի, լուսավոր լինի, անպայման կարմիր թելեր էին կապել դռնից, իհարկե՝ ձևավորված։ Այգեգործները կացնով խփում էին չպղաբերող ծառերին և վախեցնում՝ եթե հանկարծ մյուս տարի էլ պտուղ չտաս, կկտրենք։Սա, իհարկե, էլի հմայություն էր, որպեսզի տան նորահարսը երեխա ունենար, վախեցնում էին, որ պտղավորվի։ Իհարկե, դա կենաց ծառին նվիրված գործողությունների ծիսաշար է»։

Կարինե Սահակյանի ասելով, գյումրեցիները պարտադիր սեղանին դրել են խոշաբ՝ չոր մրգերից պատրաստված օշարակ և քաղցր լավաշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Կարինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից