Ավտոերթի մասնակիցներ. «Այս երկրում ո՞ր մի օրենքն է գործում, որ մնացել է միայն աջ ղեկանիվով մեքենաների մասին օրենքը»

Ավտոերթի մասնակիցներ. «Այս երկրում ո՞ր մի օրենքն է գործում, որ մնացել է միայն աջ ղեկանիվով մեքենաների մասին օրենքը»

Աջ ղեկանիվով ավտոմեքենաների վարորդներն այսօր Էրեբունի վարչական տարածքից՝ ավտոշուկայի մոտից, երթարշավով գնացին մինչեւ Բաղրամյան պողոտա:

Վարորդները բողոքում են կառավարության ներկայացրած օրենքի նախագծի դեմ, որով ըստ նրանց փետրվարի 1-ից արգելվելու է աջ ղեկանիվով ավտոմեքենաների ներմուծումը եւ վաճառքը:

«Աջ ղեկ» նախաձեռնող խմբի անդամ Վահե Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս պահին աջ ղեկանիվով մեքենա վարել թույլատրվում է, սակայն մենք այլեւս վստահություն չունենք, որ մի օր էլ դա կարգելեն: Այսօր Հայաստանում աջ ղեկանիվով շուրջ 35 հազար ավտոմեքենա կա, որոնցից 12 հազարը մեր քաղաքացիները ձեռք են բերել 2017 թվականին: Եթե 12 հազար մարդ գերադասել է գնել աջ ղեկանիվով ավտոմեքենա, ուրեմն, դա նրանց գրպանին հարմար է եղել: Կառավարության հիմնավորումը, թե աջ ղեկով ավտոմեքենա վարելը վտանգավոր է եւ վթարների պատճառ, մեզ չի գոհացնում, քանի որ նման բան չկա: Այլապես, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չէր հրաժարվի հանրությանը հիմնավորված վիճակագրական տեղեկություններ ներկայացնել: Ամանորից առաջ կայացած հանդիպման ժամանակ նախարարն ասում էր, թե Հայաստանում երթեւեկությունն օրենքով աջակողմյան է, հետեւաբար, մեքենաների ղեկը պետք է լինի ձախ կողմում: Էհ, այս երկրում ո՞ր մի օրենքն է գործում, որ այս մեկն է մնացել»:

Մեր հարցին, թե այսօրվա երթարշավով ի՞նչ պահանջներ են դնում կառավարության առջեւ, նախաձեռնող խմբի անդամները պատասխանեցին. «Առաջին հերթին հիմնավոր ապացույցներ, որ աջ ղեկով ավտոմեքենաները վթարների պատճառ են: Եթե հիմնավորեն, թող վարելն էլ ընդհանրապես արգելեն, եթե ոչ՝ թող մեզ հանգիստ թողնեն»:

Արդեն Բաղրամյան պողոտայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ, որոշվեց. քանի որ իրենց այսօրվա ակցիան, որի նպատակը հանրապետության ղեկավարությանն ու հանրությանն իրազեկելն էր, իրականացավ, եզրափակել, սակայն վաղը ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի առջեւ եւ պահանջել, որպեսզի վարչապետը իջնի եւ իրենց բացատրություններ տա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ