«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները պայմանավորվեցին իրենց պահանջները գրավոր ներկայացնել

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները պայմանավորվեցին իրենց պահանջները գրավոր ներկայացնել

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները վաղը իրենց գրավոր պահանջները կուղղեն Կառավարությանը:

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, թեև նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, բայց նրանց դիմավորեց միայն Կառավարության դիմում-բողոքների և նամակների բաժնի պետ Ալիկ Ղազարյանը՝ հայտնելով, որ Կառավարության որևէ պաշտոնյայի հետ այսօր հանդիպում կազմակերպել հնարավոր չէ: Պաշտոնյան առաջարկեց գրավոր ներկայացնել իրենց պահանջները, ինչը ցույցի մասնակիցները չմերժեցին:

Ալիկ Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները հայտարարեցին, որ ցանկանում են կառավարության հետ վերսկսել բանակցությունները:

«Կարո՞ղ ենք նորից շարունակել բանակցել ու հասկանալ՝ ինչու եք այս պահին արգելում աջ ղեկով մեքենաների ներմուծումը, ինչ պատճառաբանությամբ»,- Ալիկ Ղազարյանին իր հարցն ուղղեց նախաձեռնության անդամներից մեկը:

Ղազարյանն էլ պատասխանեց, որ նախարարն արդեն պարզաբանել է ներմուծման արգելքի պատճառը:

«Նախարարից հարցրին՝ արդյոք վիճակագրություն պետք չէ՞, ասաց՝ չէ, բայց դա աբսուրդ է, առանց վիճակագրության ոնց կարող է լինել, եթե նման նախագիծ է պատրաստվում, պետք է վիճակագրությամբ հիմնավորվի՝ ՃՏՊ-ների քանակով, եթե ես այդ հիմնավորումը տեսնեի, չէի գա այստեղ կանգնի»,- շարունակեց նախաձեռնության մեկ այլ անդամ:

Ալիկ Ղազարյանն էլ շարունակեց, որ իրենք մշտապես ընդունել են քաղաքացիներին ու լսել նրանց պահանջները յուրաքանչյուր հարցով. «Մենք բաց ենք, եկեք նախարարություն, ոչ թե էսպես ծառի տակ քննարկենք, սա ոչ արդյունավետ քայլ է»:

Ի պատասխան պաշտոնյայի այս առաջարկին՝ նախաձեռնության անդամներից մեկն էլ արձագանքեց. «Երբ մտանք բանակցությունների փուլ, դրանից հետո մեզ արհամարհեցին, պաշտոնական թռուցիկ հաղորդագրություն տարածեցին, որի մեջ նույնիսկ չնշվեց ինչ ենք ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողովին»:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ