«Չենք կարող ծնողին արգելել, ասել՝ դու քո երեխայի համար նասկի մի ուղարկիր բանակ». Արտակ Զաքարյան

«Չենք կարող ծնողին արգելել, ասել՝ դու քո երեխայի համար նասկի մի ուղարկիր բանակ». Արտակ Զաքարյան

Այսօր ձմեռային զորակոչի մեկնարկն էր եւ ՊՆ նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանին լրագրողները հարցրեցին զինվորական համազգեստի որակից: Որոշ ծնողներ ասել են, որ պատառոտված զինվորական կոշիկներ են տվել բանակում ու շատ դեպքերում իրենք են ստիպված Վերնիսաժից կոշիկ, հագուստ գնում եւ ուղարկում զինվորին:

Արտակ Զաքարյանը պատասխանեց. «ՊՆ-ի սեւեռուն ուշադրության կենտրոնում են զինվորի հանդերձանքի որակի հարցերը: Մենք ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչուր զորակոչ նոր որակի հնարավորություններ բերի մեր զինծառայողների համար: Նախորդ տարիներին, այո, ցավոք եղել են դեպքեր, երբ մենք ունեցել ենք ոչ որակյալ կիսաճտքավոր կոշիկներ կամ համազգեստ: Հիմա դա մեր ուշադրության կենտրոնում է, զարգացնելու տեղ էլի ունենք»:

Փոխնախարարն ասաց, որ ծառայության վայրը եւ ձեւը նշանակություն ունի, մարտական հերթապահություն իրականացնող զինվորի համար շատ ավելի դիմացկուն եւ որակյալ համազգեստ է պետք, քան, ասենք, հրետանավորներին:

Արտակ Զաքարյանն ասաց, որ 100 տոկոսով չեն կարող բացառել, որ ծնողները չեն գնի ու իրենց զինծառայողին ուղարկի զինվորական հագուստ. «Մենք նաեւ ներքնազգեստի խնդիրները դեռեւս վերջնական չենք լուծել»:

Մեր հարցին՝ հանդերձանքը տրամադրելիս զինվորի մարմնի չափսերը հաշվի առնվո՞ւմ են, որովհետեւ շատ ծնողներ դժգոհում են, որ իրենց որդու չափսից մի քանի անգամ մեծ հագուստ են տալիս, իրենք ստիպված բերում են, փոքրացնում, կարճացնում են՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Հարյուրից մեկի մոտ կարող է խնդիր լինել: Ես էլ, օրինակ, իմ ծառայության ընթացքում, այնպես էր ստացվել, որ ամենավերջին համազգեստն էր ու չկար էլ, բայց, իհարկե, դա չի նշանակում, որ այդ մեծ համազգեստով էլ երկու տարի ծառայել եմ: Ոնց ուզում է լինի, մեկ-երկու օր հետո այդ խնդիրը լուծվում է: Այնպես չի լինում, որ ծնողներին ասում են՝ տարեք այս համազգեստը կարեք ձեր երեխայի չափսերով, նման բան բացառված է: Ծնողի միջամտությունը, ծնողի կողմից մասնակցությունը զինծառայողի հանդերձավորման, առավել եւս մնացած խնդիրներին, դրանք վաղուց արդեն մեզ համար մոռացված խնդիրներ են: Միեւնույն ժամանակ չենք կարող ծնողին արգելել, ասել՝ դու քո երեխայի համար նասկի մի ուղարկիր, կամ գուլպաներ մի ուղարկիր: Դա չի բխում այն հանգամանքից, որ դրա կարիքն ունի զինվորը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ