«Եթե խոպան գնացողի երեխան կարա բուհ-ում սովորի ու տարկետում ստանա, խի պաշտոնյայի երեխեն չի՞ կարա». զինկոմիսար Մուրադյան

«Եթե խոպան գնացողի երեխան կարա բուհ-ում սովորի ու տարկետում ստանա, խի պաշտոնյայի երեխեն չի՞ կարա». զինկոմիսար Մուրադյան

ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը իր եղբոր թոռանը՝ Գոռ Ավագյանին այսօր ձմեռային զորակոչի մեկնարկին ճանապարհեց բանակ:

Մենք նրան հարցրեցինք՝ ի՞նչ կասեք այն ծնողներին, որոնք միջամտություններ են անում, որ իրենց որդիներին բանակից ազատելու կամ մոտ տեղ ծառայելու համար: Նա պատասխանեց, որ Հայաստանն այնքան փոքր է, որ ցանկացած բնակավայր հասնելը ընդամենը 5-6 ժամվա հարց է. «Սովետական շրջանում մենք ծառայել ենք երկու տարի, ծնողներին չենք հանդիպել, ծառայել ենք այլ պետությունում, խնդիր չենք ունեցել»:

Ինչ վերաբերում է ծառայել խուսափելուն՝ գեներալն ասաց, որ մարդիկ պետք է հասկանան՝ դա իրենց համար կարմիր լույս է, մեր սուրբ հողում իրենց լիարժեք չեն կարող զգալ երբեւէ. «Դա գալիս է ծնողներից, ծնողները պետք է դաստիարակեն: Վերջիվերջո, գալու է ժամանակ, որ այդ երիտասարդները պետք է վերադառնան, չէ՞, Հայաստան: Ծնողները պետք է առիթ չհանդիսանան»:

Կա հասարակական կարծիք, որ ում ձեռքը ճար լինի, կազատի իր որդուն բանակից, գեներալը արձագանքեց. «Ես այդպես չեմ մտածում: Արդեն բավականին ժամանակ աշխատում եմ զորակոչիկների հետ, յուրաքանչյուր երեխայի, որ արդեն որոշում ենք ընդունում, որ պիտանի է ծառայության, ձեռքը սեղմում եմ, բարի ծառայություն եմ ասում: Շատ ծնողներ կան, որ դժգոհություն են հայտնում մեր որոշումներից, բայց իրականում ասեմ, որ երիտասարդների 80 տոկոսը ծիծաղով, ցանկությունով է գնում: Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ ավելի հայրենասիրական, հայրենապաշտական ոգին բարձրացրեց երիտասարդների: Տղաներ կան, որոնք լուրջ առողջական խնդիրներ ունեն, ինձ դիմում են գրում, որպեսզի գնան ծառայեն: Նման երեխեք էլ կան»:

Մեր հարցին՝ մարդիկ մատնացույց են անում պաշտոնավորների զավակներին ու ասում են՝ եթե նրանք չեն ծառայել, մերոնց ինչո՞ւ ուղարկենք բանակ, ի՞նչ կասեք այս մասին՝ գեներալ Մուրադյանը պատասխանեց. «Ես ընդունում եմ, կա նման խոսակցություն, հասարակական կարծիք կա: Բայց եթե խոպան գնացողի կամ տաքսու վարորդի երեխան կարա բարձրագույն պետական ուսումնական հաստատությունում սովորի ու տարկետում ստանա, խի պաշտոնյայի երեխեն չի՞ կարա: Մենք բավականին պաշտոնյաներ ունենք, որոնց երեխաները ծառայության մեջ են: Զինվորական գեներալներ ունենք, որոնց երեխաները ծառայության մեջ են: Ես եմ զորակոչում, ես գիտեմ: Իսկ այն պաշտոնյաները, որոնց դուք նշում եք, խնդրում եմ կոնկրետ ասեք»:

Մեր դիտարկմանը, որ ցուցակ հրապարակվեց այն պատգամավորների, նախարարների որդիների անուններով, որոնք չեն ծառայել, ասենք, ալերգիա են ունեցել ու բանակ չեն գնացել՝ գեներալն արձագանքեց. «Մի մասն ունեցել են հիվանդություններ: Հիմա յուրաքանչյուր Աստծո օր վթար է լինում, վթարից հետո կոտրվածքներ, առողջական լուրջ խնդիրներ, հիմա ասենք՝ չեն զորակոչվե՞լ բանակ: Կամ հոգեկան հիվանդություններ…Երեխային պետք է չմեկուսացնենք, փոքրուց չասենք՝ բակ գնալ չի կարելի, սա չի կարելի, նա չի կարելի: Փոքրուց պիտի թողնենք, որ բակ գնա, խաղա, ընկնի, ծեծի, ծեծվի, երեխան պիտի այդպես մեծանա: Երեխային պետք է թողնենք ինքնուրույն մեծանա: Բոլոր կարգի խոչընդոտները, որ ստեղծվում են բանակում չծառայելու համար, դա գալիս է ընտանիքից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ