Գնաճի դեմ պայքարը «Ելքի» քաղաքական օրակարգը չէ, այլ՝ ՀՀ քաղաքացիներինը. Գեւորգ Գորգիսյան

Գնաճի դեմ պայքարը «Ելքի» քաղաքական օրակարգը չէ, այլ՝ ՀՀ քաղաքացիներինը. Գեւորգ Գորգիսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պնդում է, որ գնաճի դեմ իրենց նախաձեռնած պայքարը ոչ թե իրենց կուսակցության քաղաքական օրակարգի հարցն է, այլ Հայաստանի քաղաքացիների:

«Սա «Ելքի» քարոզարշավը չէ, «Ելքի» շահերը չեն, ՀՀ քաղաքացիների շահերն են, հրավերքի սպասելու իմաստը ո՞րն է, երթ ենք անում, եթե ցանկանում եք պայքարել թանկացումների դեմ, միացեք դրան: Ինչ պաշտոնական հրավերքի մասին է խոսքը: Սա «Ելքի» քաղաքական օրակարգը չէ, սա ՀՀ քաղաքացիների ամենօրյա օրակարգն է, առօրյա հոգսն է, որի համար ուզում ենք պայքարել»,- պայքարին միանալու հրավերքին սպասող քաղաքական ուժերին նկատի ունենալով՝ ասաց պարոն Գորգիսյանը: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին «Ելքը» ընդդեմ գնաճի բողոքի ցույց է նախատեսել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ելքի» պայքարին միանալ-չմիանալու մասին 1in.am-ին ասել էր. «Ես այլ քաղաքական միավորման ներկայացուցիչ եմ, այսինքն, եթե ունեն իրենց քաղաքական օրակարգը, գնամ իրենց օրակարգին մասնակցեմ, որ ի՞նչ անեմ…Ինչ-որ հարցեր են քննարկել, որոշել են ամսի 19-ին անել…գնամ ուրիշի հարսանիքին ծափ տա՞մ, անկոչ հյուր հո չեմ: Իմ բոլոր գործընկերներն ասել են, որ ընդդիմությունից որեւէ մեկը միայնակ չի կարող Հայաստանում իրավիճակ փոխել, համատեղ ջանքեր են պետք»:

Ըստ Գեւորգ Գորգիսյանի՝ միայնակ ոչինչ հնարավոր չէ փոխել, բայց. «Մի ծաղկով գարուն է գալիս, մի ծաղկով, եթե նույնիսկ գարուն չի գալիս, ձմեռը վերջանում է: Պետք է լինի ինչ-որ մեկը, որ ինչ-որ բան սկսի անել, որ հետո մարդիկ փորձեն համախմբվել դրա շուրջը, հիմա «Ելքը» այդ ուժն է, ցանկանում ենք համախմբել հասարակությանը, քաղաքացիներին, որ կարողանանք ինչ-որ փոփոխություններ բերել մեր երկրում, փակել թանկացումների ճանապարհը: Հենց հիմա սկսել է թանկացումների օրեցօր աճող սպառնալիքը»:

Անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությանը՝ գնաճն ու դրա հետեւանքները մեղմելու վերաբերյալ՝ ասաց. «Որեւէ էական պատճառի մասին խոսք չգնաց, այն հիմքերի, թե ինչու է ամեն ինչ թանկացել: Հիմնական թանկացումները Հարկային օրենսգրքի պատճառով է. Ընդ որում, այդ նույն օրենսգրքով նվազել է քաղաքացիների եկամուտը, որովհետեւ ավելացել է հարկային բեռը, դրանց մասին ոչ մի խոսք, Սերժ Սարգսյանը ուղղակի կոչ էր անում թույլ չտալ թանկացումները…սա ինչ-որ քաղաքացիների աչքերին թոզ փչելու հերթական հնարքն է, որեւէ լուրջ սպասելիքներ չկան, քանի դեռ քաղաքացիները հաստատակամ դուրս չգան պահանջեն, որ գնաճ տեղի չունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ