Թե ինչպես էր դեռևս 1965 թվականին ձեռնարկվել փորձ` Արցախը վերամիավորելու Հայաստանին

Թե ինչպես էր դեռևս 1965 թվականին ձեռնարկվել փորձ` Արցախը վերամիավորելու Հայաստանին

Այս տարի փետրվարի 20-ին լրանում է Արցախյան շարժման սկզբնավորման 30-ամյակը: 1988 թվականի փետրվարից մեկնարկեց մի գործընթաց, որի արդյունքը Արցախի այսօրվա պետականությունն է: Սակայն 1988 թվականին` Հայաստանին վերամիավորվելու կենսական պահանջը գործնական քայլերի վերածելը արցախահայության առաջին փորձը չէր: 1965 թվականի հունիս ամիսին բարձրացված այդ բողոքի դրսևորումն ու պահանջն էլ Արցախի պատմության մեջ մնաց «13-ի նամակ» անվանումով: Այդ ժամանակ մարզի մտավորականությունն ընդարձակ նամակով դիմեց Մոսկվային, որի տակ ստորագրեցին մարզի տարբեր ղեկավար աշխատողներից տասներեք հոգի:

Այդ օրերի դեպքերի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում պատմեց նամակի համահեղինակ, գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը (մյուսներն արդեն կյանքից հեռացել են):

«Ամեն ինչ սկսվեց այսպես: Գրողների միության մարզխորհրդի շենքի միջանցքում հանդիպեցի գյուղվարչության աշխատակից Լազր Գասպարյանին, որը ցույց տվեց մարզի հերթական հնգամյակի դիրեկտիվները, որտեղ արտացոլված էր Ադրբեջանի վարած խտրականությունը Ղարաբաղի նկատմամբ: Այդտեղ էլ առաջացավ միտքը` նամակով դիմել ԽՄԿԿ Կենտկոմին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդին և Մինիստրների խորհրդին` ներկայացնելով մարզի ծանր վիճակը և այդ իրավիճակում ճիշտ լուծումը համարելով միացումը Հայաստանին: Այս ամենով հանդերձ մենք նաև գիտակցում էինք, թե ինչ հետևանքներ կարող էր լինել»,- հիշում է նա:

Մաքսիմ Հովհաննիսյանը ընդգծեց, որ շատերին էր առաջարկվել ստորագրել նամակի տակ: Սակայն բոլորը չէ, որ հավատում էին Ադրբեջանի կազմից դուրս գալու հնարավորությանը, իսկ մյուսներն էլ, ըստ նրա, երևի չէին ցանկանում վտանգի տակ դնել իրենց կարիերան. «Հիշում եմ նաև, երբ «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի գլխավոր խմբագիր Լազր Գասպարյանին հրավիրեցինք ստորագրելու, նա կարդաց և ստորագրելուց հետո ասաց. «Ոչ միայն ստորագրեցի այս նամակի տակ, այլ նաև իմ աշխատանքից ազատվելու հրամանի տակ»:

Այնուհետև, որպես պատասխան, Մոսկվայից խոստացան հանձնաժողով ուղարկել` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Հանձնաժողովի անդամները եկան, որոնց ուղեկցում էին Բաքվից նշանակված անձինք, ովքեր էլ զեկուցեցին Կենտկոմին, որ Ադրբեջանի ղեկավարությունը կշտկի բոլոր բացթողումներն ու թերացումները:

«Դրանից հետո սկսվեց հալածանքների և բռնության կիրառումների փուլը մեր նկատմամբ: Նամակի տակ ստորագրածներս ենթարկվեցինք կուսակցական տույժերի, պաշտոնանկությունների: Մի մասը զրկվեցին ընդհանրապես մարզում աշխատելու հնարավորություններից, ոմանք հեռացան Հայաստան, իսկ Ղարաբաղում մնացողներն էլ մշտապես մնացին հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Եվ այդպես, Ադրբեջանը տապալեց արցախահայության հարցի բարձրացումը: Սակայն սա արդեն հիմքը դարձավ 1988 թվականին աննահանջ պայքարի ծավալմանը և ազգային զարթոնքին»,- եզրափակեց Մաքսիմ Հովհաննիսյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ