3000 դրամը փո՞ղ է, թե՞ փող չի. Բանավիճում են Մելքումյանն ու Խոսրով Հարությունյանը

3000 դրամը փո՞ղ է, թե՞ փող չի. Բանավիճում են Մելքումյանն ու Խոսրով Հարությունյանը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյաննն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ:

Ներկայացնելով նախագիծը՝ Մելքումյանը հիշեցրեց, որ իրենք կանխատեսում էին այս թանկացումները, որոնք եղան հունվարի 1-ից, դեռ սպասվում է նաեւ սննդի ոլորտի թանկացումները: Ըստ Մելքումյանի, կառավարությունը, որ հարկային բեռը մի ձեռքով բերում էր, պետք է նաեւ զսպեր գնաճը, մինչդեռ զարմացած նստած նայում են, թե ո՞նց եղավ. «Ես վերջին նիստում ասում էի, որ վայելելու ենք հունվարի 1-ից գնաճի բերկրանքն ու թշվառությունը, հենց սրա համար էի ասում»:

Մելքումյանը նշեց, որ եթե գնաճ կա, պետք է թոշակով, աշխատավարձով փորձեին հավասարակշռել, բայց փաստ է, որ չի նախատեսվում թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում. «Մենք առաջարկում ենք, որ 150 հազարից մինչեւ 300 հազար դրամ ստացողների համար եկամտահարկը իջեցնել՝ 28%-ից դարձնելով 26%, այսինքն այնքան, որքան կար մինչ բարձրացումը, որը մոտավորապես 3500 դրամի կարգի է՝ մեկ աշխատողի հաշվով: Մենք պետական բյուջեի վրա մեծ բեռ չենք ուզում դնել, մոտ 2 մլրդի կարգի է ասում կառավարությունը, բայց ես կարծում եմ, որ 500-600 մլն է, որովհետեւ մարդը այդ գումարը չի խնայելու, ծախսելու է, որը էլի հետ է գալու բյուջե»:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ 2018-ի հունվարի 1-ից գործող եկամտահարկերի դրույքաչափերի գաղափարախոսությունը հետեւյալն էր, ցածր աշխատավարձ ստացողների համար բան չի փոխվում, ըստ էության, փոփոխություններ լինում են 279 հազարից բարձր աշխատավարձ ստացողների վրա: Նա հարցրեց՝ այն հետեւանքը, որ դուք առաջարկում եք՝ 3500 դրամ՝ 300 հազար ստացողների դեպքում, այդ 3000 դրամը հավասարապես վերաբերվելու է նաեւ 2 մլն ստացողին ու ստացվում է, որ 300 հազար դրամից բարձր ստացողները, ընդհուպ մինչեւ 2 մլն ստացողները շահելու են ընդամենը 3000 դրամ: Այս խնդիրը հավելյալ վարչարարություն է պահանջելու եւ բյուջեի համար դա անհամեմատ ավելի թանկ է նստելու, քան այն արդյունքը, որ ակնկալվում է: Պարոն Մելքումյան, ես եւ դուք էլ ենք այդքան աշխատավարձ ստանում, սա մեզ վրա էլ է ազդելու 3000 դրամով, մենք շահելու ենք 3000 դրամ ընդամենը…Ի՞նչ խնդիր ենք մենք լուծում, ձեզ չի՞ թվում, որ թնդանոթով ոնց որ թե կրակում ենք ճնճղուկների վրա»:

Մելքումյանը հակադարձեց՝ «Նախ ես ցավում եմ, որ 3000 դրամը դուք ասում եք «ընդամենը»: Այսօր 3000 դրամը գումար է: 3000-ով ինչ-որ բաներ կարող ենք ձեռք բերել, ո՞նց կարող ենք հակադրել 3000 դրամը եկամտի չափին: 3000 դրամը հենց այնպես չի ստեղծվում: Բա որ ասում եք 2 մլն աշխատավարձ են ստանում, բա իրենց եկամտահարկը ինչի՞ ենք թողել նույնը՝ 36 տոկոս, ինչի՞ չենք դրանց սարքել 46 տոկոս: Սարքեիք: 2 մլն ստացողները մի քանի հազար հոգի են»:

Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորների այս առաջարկը ընդունելու դեպքում փոփոխությունը 20- 22 մլրդ դրամի դեֆիցիտ է առաջացնելու, որի աղբյուրը կառավարությունը չունի, պետբյուջեով նախատեսված է 100 մլրդից ավելի պետական եկամուտների աճ:
Նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ