«Դուք մարդկանց գրպանների լումաներից աշխատավարձ ստանում եք, որ մեր իրավունքները պաշտպանեք, ոչ թե սվաղեք ու լղոզեք»

«Դուք մարդկանց գրպանների լումաներից աշխատավարձ ստանում եք, որ մեր իրավունքները պաշտպանեք, ոչ թե սվաղեք ու լղոզեք»

Ի պաշտպանություն հացադուլի մեջ գտնվող՝ «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի՝ այսօր նրանց աջակիցները բողոքի ցույց անցկացրին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, հանդիպեցին ՄԻՊ աշխատակիցների ու օմբուդսմենի հետ:

Հանդիպման արդյունքները չգոհացրին ցուցարարներին, ըստ նրանց՝ հանդիպումն անարդյունավետ էր: ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպման ժամանակ հայտնեց, որ դիմել է ՔԿՀ վարչություն, բայց նամակի պատասխան չի ստացել, ապա ասաց, որ իրավասություն չունի լուծել «սասնա ծռերի» պահանջները:

«Այս պահին ՄԻՊ աշխատակազմի խնդիրը հետեւելն է, որ Արմեն Բիլյանի ու Սմբատ ՔԿՀ-ում լինի առողջական այն պահանջներին համապատասխան, որ լինում է հացադուլի հետ կապված հարցերում»,- ասաց Արման Թաթոյանը:

«Դուք կառավարության անդամ չեք, դուք մարդկանց գրպանների լումաներից հավաքած ստանում եք աշխատավարձ, որ մեր իրավունքները պաշտպանեք, ոչ թե սվաղեք ու լղոզեք… ձեզանից պահանջում են գործողություն»,- հակադարձեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ ասելով, որ չեն եկել խոսելու, եկել են հարցերին լուծում ստանալու:

Հանդիպումից դժգոհ ցուցարարները շարունակեցին բողոքի երթը Մաշտոցի պողոտայով ու մի պահ նույնիսկ որոշեցին փակել փողոցը ու սկսեցին «Սասնա ծռեր» վանկարկել: Ոստիկանները նրանց հրելով՝ բացեցին փողոցը, ոստիկանական պատը այլեւս չթողեց ցուցարարներին անցնել փողոցի հատվածը:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն արդեն 25 օր հացադուլի մեջ են գտնվում: Նրանք պահանջում են իրենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ