«Թատրոնում երբեք չի բավարարել աշխատավարձը»

«Թատրոնում երբեք չի բավարարել աշխատավարձը»

90-ամյա թատրոնի հոգսերն ու հաջողությունները

2019թ. կլրանա Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադրման 90-ամյակը։ 2017-ի սեպտեմբերին թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանին փոխարինեց ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, ով շուրջ վեց տարի աշխատել է թատրոնում, բեմադրել «Վերջին ուսուցիչը», «Խենթը», «Գիշատիչների խնջույքը» եւ այլ ներկայացումներ։

Դավիթ Հարությունյանն ասում է՝ հպարտանալու առիթներ շատ ունեն։ «Հիմնադրման օրվանից մինչ այսօր ունենում ենք տարբեր սերունդների, դասարանների ծրագրային ներկայացումներ՝ մանկահասակ, միջին, բարձր, անգամ բուհական ուսանողների եւ մեծահասակների համար նախատեսված։ Արեւմտյան երկրներում էլ կան երիտասարդական թատրոններ, դրանց գոյությունը պարզապես հասարակական պահանջ է»,- փաստում է Հարությունյանը։

Պատանի հանդիսատեսի թատրոնում տարեկան բեմադրվում է երեքից չորս, երբեմն նույնիսկ ավելի շատ նոր ներկայացում։ Ինչպես ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ սերունդ առ սերունդ պահանջները փոխվում են, ու պետք է անընդհատ նոր բաներ անել։ Գլխավոր խնդիրներից մեկը նշաձողը բարձր պահելն է։
Թատրոնի անձնակազմը իր գոյության ընթացքում ունեցել է իր մշտական կորիզը՝ մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են այս թատրոնին, բայց քանի որ թատրոնը ժամանակի շնչի հետ քայլող արվեստ է, թատերախումբը փոխլրացնելու ծրագրեր ունեն։ Դավիթ Հարությունյանն անկեղծորեն ասում է, որ երբեմն դերասանները «տեղատվություն» են ապրում։ Կան այնպիսիք, ովքեր որոշում են իրենց ստեղծագործական ուղին մեկ այլ թատրոնում շարունակել։ Դա, Դավիթ Հարությունյանի ձեւակերպմամբ, շատ բնական ու օրինաչափ է։

Թատրոնում աշխատող դերասաններից Իշխան Ղարիբյանը պնդում է՝ չնայած շարունակ փոփոխություններին՝ թատրոնի «դուխը տեղն է մնացել»։ «Փորձում ենք բոլորս միասին քայլել դեպի առաջ՝ որակապես ավելի բարձրացնելով թատերական ներկայացումները։ Հակոբ Ղազանչյանի օրոք թատրոնն ունեցավ իր ամենածաղկուն շրջանը՝ փառատոներ, հյուրախաղեր, մրցանակներ։ Հիմա պետք է փորձենք անել մի ուրիշ տեսակ, բայց նույնքան լավ ու որակով»,-շեշտում է նա։
Թատրոնի անձնակազմի հիմնական մտագոհությունն այն է, թե նոր ժամանակներում ինչպես պետք է շփվել պատանի հանդիսատեսի հետ, ինչով է նա ավելի շատ հետաքրքրված։

Իշխան Ղամբարյանի կարծիքով՝ պետք չէ անընդհատ փորձել հանդիսատեսի պահանջներով առաջ գնալ՝ մանավանդ իրենց հանդիսատեսը գլխավորապես երեխաներն ու պատանիներն են, եւ իրենց մոտ դեռ նոր է զարգանում թատրոն գնալու, սիրելու մշակույթը։ Իշխանը վստահ է, որ եթե սկսեն անել այն, ինչ այսօրվա երեխային է հետաքրքիր, թատերական ներկայացումները կդառնան պարզապես շոուներ. «Ես չեմ պատկերացնում, որ այսօր մի երեխա լինի, որ կորոշի համացանցով դիտել, օրինակ, Վախթանգովի թատրոնի «կՐՌվՓպրրՈ ՁցՐՈվՊՏՑ» ներկայացումը, որը ռեկորդակիր է, շուրջ 70 տարի բեմադրում են։ Թատրոնը չպիտի գնա այդ փոխզիջմանը: Ընդհակառակն, մենք պետք է թելադրենք, կրթենք ու դաստիարակենք»։

Ֆինանսական ճգնաժամերն այս թատրոնը, ցավոք, չեն շրջանցում։ Բայց թիմը փորձում է այդ խնդիրները հերթականությամբ լուծել։ Ինչպես իրենք են նշում, նյութատեխնիկական ու ռեսուրսային կարգավիճակը միշտ էլ փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Երբեմն հրավիրում են նոր մարդկանց, դերասանների, բանակցում են, գտնում ճանապարհներ նրանց հետ համագործակցելու։ Դա հնարավորություն է տալիս իրենց թատրոնին քայլել առաջ։

«Ես չեմ կարծում, որ հայաստանյան որեւէ թատրոնում կգտնեք դերասան, ով կասի, որ ինքը աշխատավարձի համար է աշխատում,- ասում է Իշխան Ղամբարյանը,- թատրոնում երբեք չի բավարարել աշխատավարձը, չի էլ բավարարելու։ Ցավոք, տպավորություն է, որ այս երկրին այդքան լավ թատրոններ պետք չեն։ Եթե պատմությանը հետեւենք, թատրոնը միշտ գլխացավանք է եղել պետության համար։ Որովհետեւ այնտեղից դերասանը կարող է խոսել ամեն ինչի մասին»։ Հիշեցնելով անվանի դերասան Խորեն Աբրահամյանի խոսքերը՝ Իշխան Ղամբարյանը հաստատում է, որ թատրոնը պետք է խնդիրներ առաջադրի ու պատասխաններ հրահրի։

«Դերասանի դարբնոցը թատրոնն է,- նրան շարունակելով՝ ասում է Դավիթ Հարությունյանը,- ֆիլմում կամ սերիալում շատ քիչ է հնարավորությունը ստեղծագործելու, կերպար կերտելու։ Այնտեղ հաճախ պահի տակ, արագորեն ընդունվող որոշումների ու նոր գրված տեքստերի հիման վրա են սկսում խաղալ։ Բայց լավագույն դերասանները դեռ հին ժամանակներից սկսած՝ թատրոնում են ծնվել»։

Եվ չնայած հասարակության համար թատրոն այցելելը դեռ չի դարձել առավոտյան նախաճաշի պես պարտադիր ու կարեւոր, Պատանի հանդիսատեսի թատրոնն արդեն ունի իր փոքրիկ, տաղանդավոր դերասանները։ «Հենզելի ու Գրետելի ամանորյա արկածները» ներկայացման փոքրիկ դերասան Ալեքս Ալեքսանյանն արդեն բավական ժամանակ է՝ թատրոնի բեմում է: «Թատրոնն ինձ հնարավորություն է տալիս կերպարանափոխվելու, շփվելու հանդիսատեսի հետ։ Իհարկե, սկզբում ինձ համար դժվար էր, բայց ես արդեն սովորել եմ բեմին»,- անկեղծանում է Ալեքսն ու շտապում ներկայացման հերթական փորձին։

 

ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Լուսանկարը` թատրոնի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»

11.01.2018