Բաժբեուկ-Մելիքյաններից սերող բասը 5 առաջարկ ունի «դրսի» թատրոններից

Բաժբեուկ-Մելիքյաններից սերող բասը 5 առաջարկ ունի «դրսի» թատրոններից

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան օպերային երգչի անունը դասական երաժշտարվեստի երկրպագուների շրջանում լայն հնչեղություն ստացավ 2014թ. ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանանալուց հետո, թեեւ արվեստագետին որեւէ դերերգով մինչ օրս չենք հանդիպել Ազգային օպերային թատրոնում: Միայն մեկ անգամ՝ շուրջ երեք տարի առաջ, երիտասարդ բասը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Կոլինիի դերերգով հանդես եկավ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարման ժամանակ, անվանի գործընկերների, այդ թվում՝ օպերային դիվա Հասմիկ Պապյանի, տենոր Հովհաննես Այվազյանի, բարիտոն Դավիթ Բաբայանցի հետ: Փոխարենը՝ նրան հանդիպում ենք հայաստանյան տարբեր միջոցառումներին:

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը 2017 թվականին միջազգային մրցույթներից ստացած իր պարգեւները հարստացրեց երեքով՝ Աստանայում կայացած «Եվրասիական խաղերում» արժանացավ 2-րդ մրցանակի, Բիբիգյուլ Տուլիգենովայի անվան մրցույթում՝ առաջին եւ տարեվերջին Մինսկում, 4-րդ անգամ անցկացվող Ծննդյան տոների մրցույթում 16 երկրից 111 մասնակիցների թվում՝ Գրան պրիի:

Այստեղ երգչին նվագակցում էր Ազգային օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը: Վերջին մրցույթի ժյուրիի աշխատանքներին մասնակցում էր նաեւ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Նրան էլ ուղղեցինք հետեւյալ հարցը՝ Բաժբեուկ-Մելիքյանի բասը հարկավո՞ր է թատրոնին: Մաեստրոյի պատասխանը հակիրճ էր՝ միանշանակ այո:

Բարսեղ Թումանյանի հետ:

Երգիչը վերջին շրջանում ցանկալի հյուր է արտասահմանում անցկացվող միջոցառումներին, օրինակ՝ «Առավոտի» հետ զրույցում նա առանձնացրեց Չայկովսկու անվան դահլիճում Եվգենի Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթը՝ նվիրված Մոսկվայի պետական կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր Վլադիմիր Մինինի ստեղծագործական գործունեության 45-ամյակին: Հավելեց նաեւ, որ անվանի երաժիշտներ էին մասնակցում այդ համերգին, որոնց թվում էր նաեւ Իոսիֆ Կոբզոնը: Հիշեց նաեւ 2013թ. Երեւանում տեղի ունեցած երկու մենահամերգները՝ նվիրված Վերդիի եւ Դորգոմիժսկու ծննդյան 200-ամյակներին, որի նախաձեռնողը իր պրոֆեսորն էր:

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը՝ Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայում (Մինսկի օպերային թատրոն):

Հետաքրքրությանը, թե միայն անցյալ տարի ստացել է հինգ առաջարկ արտասահմանյան տարբեր թատրոններից, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը հաստատելով՝ նշեց. «Տարբեր պատճառներով, առաջին հերթին ստեղծագործական, կուզեի պայմանագիր կնքել հատկապես Բեռլինի «Deutsche Opera»-ի եւ Մոսկվայի Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնների հետ: Երեւանի կոնսերվատորիայում պրոֆեսորիս՝ Ռաֆայել Հակոբյանցի անժամանակ մահվանից հետո վարպետության դասեր եմ վերցնում ճանաչված բաս Բարսեղ Թումանյանից: Այս պահին պատրաստվում եմ կրկին մեկնել Աստանա՝ նրա մոտ, խորհուրդներ ստանալու»:

Ընդհանրապես, երբ խոսք է գնում որեւէ արվեստագետի մասին, կարեւորվում է նաեւ նրա ծագումը: Իսկ երիտասարդ երգիչը սերում է հայտնի Բաժբեուկ-Մելիքյան նկարիչների ընտանիքից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.01.2018