«Իմ ժամանակ խնջույքային երաժշտությունը միայն ռեստորանում էր»

«Իմ ժամանակ խնջույքային երաժշտությունը միայն ռեստորանում էր»

Ամերիկաբնակ երգչուհի Իդա Աղախանյանի նկատառումները

Երգչուհի Իդա Աղախանյանը 2001թ.-ից ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: «Առաջին օրվանից, ինչ այստեղ եմ, իմ սիրելի գործով եմ զբաղվում, քանի որ Երեւանում էլ դասավանդում էի ջազ քոլեջում եւ թատերականում, որոշեցի ԱՄՆ-ում բացել իմ վոկալ ստուդիան, որը կոչվում է IDA’c Music Pruduction: Կազմակերպում եմ համերգներ, համագործակցում հեռուստաընկերությունների հետ»,-«Առավոտի» հետ զրույցում հայտնեց երգչուհին:

Նա տեղեկացրեց, որ ամերիկյան նախագծերի էլ է մասնակցել որպես երգչուհի, ձայնագրվել է անվանի երգիչների հետ, հուսով է, որ մի օր կցուցադրվի, սակայն այս պահին պրոդյուսերների միջեւ տարաձայնությունների պատճառով դատական գործընթաց է գնում: Ինչ վերաբերում է իր սաներին, ի թիվս այլոց, Իդա Աղախանյանը առանձնացրեց «Հայ սուպերսթարին» մասնակցած Դիանային եւ Արլին Ղարիբյանին, «Ընծա» մրցանակաբաշխությանը մասնակցածներին:

Իդա Աղախանյանը կարեւորում է երեխաների հետ աշխատանքը, ասում է՝ դրանից ինքը դրական է լիցքավորվում: Նա նախընտրում է աշխատել արդեն կազմավորված ձայներով մարդկանց հետ, ամենակրտսեր սանը 6 տարեկան է, ամենաավագը` 47: «Ամեն մեկը տարբեր նպատակով է աշխատում իր ձայնի վրա, մարդ կա՝ ուղղակի իր համար է երգում, մարդ կա՝ եկեղեցում է երգում, մարդ կա՝ ռեստորաններում, իսկ ընդհանրապես 14-18 տարիքային խմբում սովորողների հետ իմ ծրագրերն եմ իրականացնում: Հայաստանից եկած երգիչները, երբ այստեղ համերգներ են լինում, ինձ են դիմում բեք վոկալ ապահովելու համար, ինչպես դա արել ենք Մարտին Մկրտչյանի, Ռազմիկ Ամյանի, Սիրուշոյի, Արման Հովհաննիսյանի եւ ուրիշների համերգներին…Ես ինքս Երգի պետական թատրոնի մեներգիչ լինելով` գիտեմ, որ բեք վոկալը բարդ բան է, մեծ աշխատանք է պետք եւ երաժշտի ականջ ունենալ, միայն երգչուհի լինելը բավական չէ, պետք է լինել երգչուհի ու երգչուհի երաժիշտ»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Իդա Աղախանյանի հետ խոսեցինք հայաստանյան շոու-բիզնեսի որակի եւ մակարդակի մասին: «Որակն, իհարկե, շատ տխուր է, թեեւ պետք է փաստել, որ լավ երգիչներ էլ ունենք: Ես երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում, հիմա շատերին չեմ ճանաչում, չգիտեմ, թե ով է պրոդյուսերական աշխատանքը տանում, սակայն մի բան պարզ է` սկսած գործիքավորումից, վերջացրած երգացանկով, բոլորն իրար նման են, նույն տոնայնության մեջ, ոնց որ իրար լսելով են սովորում, կրկնօրինակում, ահավոր է ուղղակի…Շատ անգամ էստրադային երգիչների ու ռաբիս երգիչների մեջ մեծ տարբերություն չեմ տեսնում»,- զարմանում է Իդա Աղախանյանը: Նա նաեւ հիշում է. «Երբ Արթուր Գրիգորյանը ժամանակին հավաքեց փոքր խումբը, մեր երգերի մեծ մասն ինքներս էինք գրում, Արաքսյա Մուշեղյանը ինքն էր գրում ու կատարում, ես իմ երգերը ինքս էի գրում, Արթուր Գրիգորյանը գրում էր Էռնա Յուզբաշյանի, Անահիտ Մանուկյանի, Շուշան Պետրոսյանի, Էմմա Պետրոսյանի ու մյուսների համար…Մեծ մասս երաժիշտներ էինք, գրագետ էինք, մինչդեռ հիմա շատերը գաղափար չունեն, շատ անգամ սկսում են երգել, հետո միայն ընդունվում, ավարտում են մասնագիտական հաստատություն: Իհարկե, կան լավերը, պարզապես շատերի մի քիչ երգացանկն է անհասկանալի»:

Տղաների հետ:

Նրա ձեւակերպմամբ. «Երգիչը պետք է ճաշակ թելադրի, թեեւ հիմա ընդունված է ասել, որ պետք է լավ ձայն ունենա, արտաքին, գումար… Հիմա շուկայի պահանջներից ելնելով են երգիչները երգում, իսկ իմ ժամանակ Արտեմի Այվազյան էինք լսում, Բաբաջանյան, Կոնստանտին Օրբելյան, երաժիշտներն էին ճաշակ թելադրում: Այն տարիներին խնջույքային երաժշտությունը միայն ռեստորանում էր, ռադիոյով ու հեռուստատեսությամբ չէր հնչում»:

Իդա Աղախանյանը նշեց նաեւ, որ ԱՄՆ-ում ապրելու տարիներին հանդիպել է իր երազած շատ երգիչների հետ, զրուցել, նստել նույն սեղանի շուրջ. «Բոլորին չեմ կարող թվարկել, միայն կասեմ, որ նրանց թվում են Ջորջ Բենսոնը, Սթիվի Ուանդերը: Ինձ համար ամենատպավորիչն այն էր, որ Քուինսի Ջոնսի տրիբյուտին եմ մասնակցել ու երգել We are the world հայտնի երգը: Այն ամերիկյան պրոդյուսերներն իրականացրել էին այն ձեւաչափով, որ ամեն երգիչ երգի իր լեզվով: Կոնկրետ ես երգել եմ հայերեն ու ռուսերեն կտորներ»:

Երգչուհին վերջին անգամ 2007-ին է եղել Հայաստանում, ասում է՝ Հայաստանից ամենաշատ օդն է կարոտում, գյուղերը, փոքր քաղաքները, որտեղ շատ է եղել համերգներով ու անգամ չնորոգված ճանապարհները:

Զրույցի ավարտին Իդա Աղախանյանը նշեց, որ իրեն երջանիկ մարդ է համարում. «Ունեմ լավ տղաներ, սիրած գործ, մայրս թեկուզ ծեր ու հիվանդ է, բայց կողքիս է, երջանիկ եմ, որ լավ մարդկանցով եմ շրջապատված»: Նա ցանկություն ունի որեւէ նախագծով լինել Երեւանում ու մեկտեղված տեսնել բոլոր հայաստանցի գործընկերներին:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Իդա Աղախանյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»

11.01.2018