Երկու հազար 755 տղամարդկանց մեկ  քառորդից ավելին նշել է, որ «լեւի» է գնացել

Երկու հազար 755 տղամարդկանց մեկ քառորդից ավելին նշել է, որ «լեւի» է գնացել

Հայաստանում հարցման ենթարկված 2755 տղամարդկանց մեկ քառորդից ավելին նշել է, որ օգտվել է վճարովի սեռական հարաբերություններից: Վեց հազար 116 կանանցից էլ 1 տոկոսից պակասն է նշել, որ ունեցել է մի քանի սեռական զուգընկեր: Այս տվյալներն ամփոփել են Ազգային վիճակագրական ծառայությունն ու առողջապահության նախարարությունը: Այս երկու կառույցները Ժողովրդագրության եւ առողջության հարցերը պարզելու նպատակով իրականացրել են հետազոտություն: Հեղինակները նշում են, որ նման հետազոտություն վերջին անգամ կատարվել է 2000 թվականին:
Հարցազրույցների մասնակցել են 15-49 տարեկան իգական եւ արական սեռի ներկայացուցիչներ:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ մեր երկրում տղաներն ու աղջիկները գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը: Կանանց եւ տղամարդկանց կեսը սկսում է սեռական կյանքը մինչեւ 21,2 տարեկանը, իսկ մյուս կեսն այդ տարիքից հետո:
Հետազոտությունը կատարած մասնագետները վկայում են, որ 2000 թվականից ծնելիության մակարդակը մնացել է նույնը: Ներկայումս էլ Հայաստանում կանայք միջինում ունենում են 1,7 երեխա: Ծնելիությունը քաղաքաբնակ եւ գյուղաբնակ կանանց շրջանում գրեթե չի տարբերվում: Սակայն ծնելիությունն էապես տարբերվում է ըստ մարզերի: Օրինակ` Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում մեկ կնոջ հաշվով 1,1 ծնունդ է լինում: Տավուշի մարզում մեկ կնոջը 2,4 ծնունդ է բաժին ընկնում:

Սյունիքի մարզում` երկու երեխա, Լոռիում մեկ կնոջ հաշվով` 1,5 ծնունդ: Շիրակում այդ թիվը կազմում է 1,9 ծնունդ:

Հետազոտությունը պարզել է, որ ծնելիությունը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց: Այսպես` բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի քիչ երեխա են ունենում: Բարձրագույն կրթությամբ մեկ կնոջը բաժին է ընկնում 1,6 ծնունդ: Հիմնական կրթությամբ մեկ կնոջը 2,8 ծնունդ է բաժին ընկնում: Միջին մասնագիտական կրթությամբ մեկ կնոջ հաշվով 1,7 ծնունդ է: Միջնակարգ կրթությամբ կանանց էլ 1,9 ծնունդ է բաժին ընկնում:

Հետազոտությունը նաեւ պարզել է, որ Հայաստանում 15-49 տարեկան կանանցից մեկը երբեւէ կատարել է աբորտ: Կանայք Սյունիքում ամենաքիչն են հակված հղիությունը արհեստական ընդհատելուն: Մինչդեռ Արմավիրում եւ Գեղարքունիքում ամենաշատն են աբորտ անում: Ըստ հետազոտության արդյունքների՝ երբեւէ աբորտ կատարած կանանց գրեթե կեսը կատարել է երկուսից երեք աբորտ: Աբորտների 8 տոկոսը պայմանավորված է եղել սեռով:

Հետազոտությամբ պարզ է դարձել, որ 15-49 տարեկան կանանց 6 տոկոսը 15 տարեկանից սկսած երբեւէ ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 3 տոկոսը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Արագածոտնում կանայք ամենից շատ են ենթարկվել ֆիզիկական բռնության:

Սեռական բռնության ենթարկվածները ամենաշատը նույնպես Արագածոտնի մարզում են: 15-49 տարեկան կանանց 1 տոկոսը երբեւէ ենթարկվել է սեռական բռնության: Սեռական կամ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 29 տոկոսը նշել է, որ բռնությունը դադարեցնելու նպատակով դիմել է օգնության, մինչդեռ կանանց նույնքան մասնաբաժինը երբեք չի դիմել օգնության, սակայն որեւէ մեկին պատմել է բռնության մասին: Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված տասը կանանցից չորսը երբեք չի դիմել օգնության եւ ոչ մեկին չի պատմել բռնության մասին:

Երբեւէ ամուսնացած յոթ կանանցից մեկն ամուսնու կողմից ենթարկվել է բռնության որեւէ տեսակի` զգացմունքային, ֆիզիկական կամ սեռական: Կանանց 8 տոկոսը ենթարկվել է ամուսնական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում:

Արարատում երբեւէ ամուսնացած տասը կանանցից երեքը ենթարկվել է ամուսնական բռնության, մինչդեռ Սյունիքում այդ թիվը կազմում է մեկ տոկոս: Մասնագետները վկայում են, որ ավելի քիչ են բռնության ենթարկվում կրթված կանայք:

Ջուր եւ սանիտարական հարմարություններ ունենալու վերաբերյալ հարցումներից էլ հետազոտության հեղինակները եզրահանգել են, որ Հայաստանում 77 տոկոսը զուգարանային բարելավված պայմաններից է օգտվում, 22 տոկոսը` չբարելավված: Զուգարանային ընդհանուր պայմաններից օգտվում է բնակչության մեկ տոկոսը:
Քաղաքային վայրերում զուգարանային բարելավված պայմաններից ավելի շատ մարդ է օգտվում: Ըստ հարցումների՝ 96 տոկոսի պայմանները բարելավված են եւ 3 տոկոսը՝ չբարելավված, մեկ տոկոսը ընդհանուրից է օգտվում: Գյուղական վայրերում պայմաններն ավելի վատ են, եւ զուգարանային նորմալ պայմաններից միայն 47 տոկոսն է օգտվում, 53 տոկոսը` չբարելավված, 1 տոկոսը՝ ընդհանուր:

Հետազոտության արդյունքներով՝ Հայաստանում գրեթե բոլոր տնային տնտեսություններն ունեն հեռուստացույց, իսկ 96 տոկոսը՝ բջջային հեռախոս: Տնային տնտեսությունների 69 տոկոսն ունի համակարգիչ եւ նույնքան տնտեսություններ էլ ունեն համացանց: Տասը տնային տնտեսություններից 4-ն ունի մարդատար եւ բեռնատար մեքենա: Գյուղական բնակավայրերում մեքենա ունեցողներն ավելի շատ են:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

11.01.2018