Տրամաբանության որոնումներ

Տրամաբանության որոնումներ

Կարեն Կարապետյանն ու նրա ենթակաները տնային աշխատանքը չեն կատարել

Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առթիվ շնորհավորական իր ուղերձում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշում է. «Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող եւ ապագային վստահ նայող երկիր»: Իրականում Հայաստանի կառավարությունում տրամաբանության հավեսը չունեն:

2014 թվականի դեկտեմբերի 18-ին կառավարության որոշմամբ միավորվեցին Արդյունաբերության զարգացման հիմնադրամը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, լուծարվեց Զարգացման հայկական գործակալությունը, եւ ստեղծվեց Հայաստանի զարգացման հիմնադրամ: 2016 թվականի դեկտեմբերի 22-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ՝ «Ազատ, անվտանգ, արդար, խելացի Հայաստան» կառուցելու նպատակով: 2017 թվականի հունիսի 13-ին Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշեց չզբաղվել զբոսաշրջությամբ, եւ հունիսի 29-ին կառավարությունը ստեղծեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների նախագահը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Կարեն Կարապետյանի ենթական՝ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Այստեղից էլ սկսվում է տրամաբանության բացակայությունը:

Ավելի քան վեց ամիս առաջ զբոսաշրջությամբ զբաղվելուց հրաժարված Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքը իրազեկում է, թե հիմնադրամի առաքելությունն է խթանել ՀՀ-ում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը եւ ստեղծել առավել հարմարավետ պայմաններ արտասահմանյան այցելուների համար։ «Հիմնադրամը խթանում է զբոսաշրջության ոլորտը՝ ապահովելով երկրի միջազգային ճանաչելիությունը եւ ներկայացնելով հայկական զբոսաշրջային արդյունքը համաշխարհային շուկայի երկրներում: Մենք ջանքեր ենք գործադրում մեծացնելու արտասահմանից զբոսաշրջիկների ներհոսքը՝ միաժամանակ զարգացնելով ներքին զբոսաշրջությունը Հայաստանում»,- պնդում է զբոսաշրջության ոլորտում ջանքեր գործադրելուց հրաժարված կառույցը։ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքը իրազեկում է, թե կենտրոնը շարունակում է աշխատել Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ: Բայց Հայաստանի զարգացման հիմնադրամը ավելի քան վեց ամիս առաջ զբոսաշրջային «հրաժարական» է տվել: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում տեղյակ չե՞ն այս ռազմավարական շրջադարձին: Էլ ինչպե՞ս են ռազմավարություն մշակելու: Երկու կառույցի հոգաբարձուների խորհուրդների ղեկավարն էլ Կարեն Կարապետյանն է: Ինչո՞ւ նրա ղեկավարած մի կառույց տեղյակ չէ նրա ղեկավարած այլ կառույցի այն որոշումից, որը նաեւ իրեն է վերաբերում: Որտե՞ղ է տրամաբանությունը: Ինչո՞ւ չեն համագործակցում եւ տեղեկություններ փոխանակում նույն նպատակի համար ստեղծված կառույցները: Ինչի՞ համար են բարձր աշխատավարձ ստանում՝ անտեղյակությա՞ն, անկազմակերպվածությա՞ն, չհամագործակցելու կամքի՞, պաշտոնական կայքով ստեր տարածելո՞ւ:

Կարեն Կարապետյանի ենթակա նախարարի ղեկավարած կառույցի՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նպատակն է ապահովել զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացում: Ինչո՞ւ Սուրեն Կարայանը Կարեն Կարապետյանին չի հիշեցնում ավելի քան վեց ամիս առաջ ընդունված որոշումը: Որտե՞ղ է տրամաբանությունը:
2016 թվականի նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում եւ տնային աշխատանք է պահանջում»: Վարչապետի ղեկավարած կառույցների միմյանցից անտեղյակությունն ու տոնական ուղերձի պնդումը նշանակում են, որ Կարեն Կարապետյանը, նրա եւ նրա ենթակայի ղեկավարած հիմնադրամների աշխատակազմերը տնային աշխատանքը չեն կատարել:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

11.01.2018