Աշոտ Թավադյան. «Համապատասխան հակազդող քայլերով կարելի էր որոշակիորեն զսպել գների աճը». «Հայոց աշխարհ»

Աշոտ Թավադյան. «Համապատասխան հակազդող քայլերով կարելի էր որոշակիորեն զսպել գների աճը». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Կառավարությունը կարո՞ղ էր հակազդել գնաճի ազդեցությանն ու գոնե մասամբ կանխել այդ ալիքը:

-Գնաճի հարցում չորս գործոն ունեցել է լուրջ ազդեցություն: Առաջինը վառելիքի ակցիզային հարկի աճն է: Երկրորդը համաշխարհային շուկայում նավթամթերքի գների աճն է: Երրորդը տնտեսության մենաշնորհային բնույթն է, որը հատկապես արտահայտվում է գների աճի ժամանակ: Չորրորդն օբյեկտիվ գործոնն է. խոսքս Ամանորի տոներին վերահսկողության թուլացման մասին է, ինչն առաջին հերթին դրսեւորվում է տաբեր հանձնաժողովների, մասնավորաբար Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

Կարծում եմ, որ այս ամենը վերլուծելով, կանխատեսելով այս չորս գործոնների գումարվող բացասական ազդեցությունը եւ համապատասխան հակազդող քայլերով կարելի էր որոշակիորեն զսպել գների աճը:

-Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդակցություն հրավիրեց ու կառավարության անդամների առաջ պահանջ դրեց՝ մտածել դեղատոմսեր, թե ինչպե՞ս կարելի է մեղմել գների բարձրացման հետեւանքները: Մինչ կառավարությունը կներկայացնի իրենը, դուք ի՞նչ դեղատոմս կառաջարկեք:

-Ի դեպ, նախագահի նշած այդ հանգամանքները պայմանավորված են վերը թվարկված չորս բացասական գործոնով:

Այժմ ներկայացնեմ հետեւյալ դեղատոմսը. վերահսկողության ուժեղացում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Ասեմ, որ այստեղ նաեւ նպատակահարմար է կատարել օրենսդրության փոփոխություն:

Երկրորդ՝ խթանել տեղական շուկայի, տեղական արտադրության զարգացմանը: Սա փոքր-ինչ երկարատեւ գործընթաց է, ինչը պետք է հետեւյալ կերպ իրականացվի. հարկավոր է աջակցել բիզնես ծրագրերի կազմմանը եւ շուկայական տոկոսադրույքների նվազմանը, որտեղ իր վճռական դերն ունի Կենտրոնական բանկը:

Երրորդ՝ մշակել հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն հստակ ծրագրեր եւ պարտադիր իրականացնել դրանք: Պետք է հատուկ շեշտեմ, որ երկրում գոյություն ունեցող կոռուպցիոն գործոնը կարող է 10 տոկոսով բարձրացնել ապրանքի գինը: Սա նաեւ միջազգային փորձագետների գնահատականն է:

Չորրորդ՝ նպաստել բաց բաժնետիրական ընկերությունների անցմանը, հատկապես խոշոր գյուղատնտեսական միությունների պարագայում, որոնք տնտեսության աճը խթանող օղակներ են:

Նաեւ պետք է ուշադրություն դարձնել նախագահի հետեւյալ մտքի վրա, որ տարվա ընթացքում հարկավոր է միջոցներ գտնել ու գների բարձրացման դիմաց փոխհատուցել հատկապես սոցիալապես անապահով խավերին, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա այդ խավի վրա:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում