Երկաթգիծը կոչվելու էր Լեռնային երկաթուղի

Երկաթգիծը կոչվելու էր Լեռնային երկաթուղի

Աղետի գոտու էպիկենտրոն Սպիտակ քաղաքի վերականգնման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հստակ ու դիպուկ կարգախոսներով խորհրդային ամենաբարձր ատյաններում նա հանդես է եկել ու սիստեմատիկաբար պահանջել, այո՛, պահանջել՝ ընթացք տալ իր կողմից առաջ քաշված հիմնախնդիրներին:
ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Օլեգ Լոբովի հետ նա շտապ հեռագիր է հղում Մ. Ս. Գորբաչովին գնացքներով Հայաստան առաքվող շինանյութերը Ադրբեջանի տարածքում թալանվելու վերաբերյալ՝ Հյուսիսային Օսեթիայի Բուրոն բնակավայրից մինչեւ Հարավային Օսեթիայի Ջավա բնակավայրն ընկած երկաթգծի անավարտ հատվածը վերսկսելու պահանջով: Այն նախկինում սկսվել էր եւ կատարել էր 800 միլիոն խորհրդային ռուբլու շինարարական աշխատանքներ: Սակայն ժամանակին Հեյդար Ալիեւի սադրանքով (ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր նա եւ ղեկավարում էր այդ աշխատանքները) դադարեցվել էր այն՝ հերթական անգամ վերցնելով մեզ շրջափակման մեջ:

Նշված երկաթգիծն անցնելու էր Կովկասյան լեռնաշղթայով, հիմնականում՝ թունելներով, եւ կոչվելու էր Լեռնային երկաթուղի (ղՐպոՑՏՉՈÿ ՋպսպջվՈÿ ՊՏՐՏչՈ):
Նա ՀԿԿ Սպիտակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, երկրաշարժի պահից Սպիտակի շրջանի փրկարարական, կառուցապատման շտաբի պետ եւ 1989-91 թթ. ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ, տնտեսագիտության դոկտոր Նորայր Մուրադյանն է: Նա է հիշյալ երկաթգծի շինարարությունը վերսկսելու հրատապությունը թմբկահարող հայրենասերներից մեկը: Այդ երկաթգիծը ոչ միայն որպես այլընտրանքային ճանապարհ է շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար, այլ նաեւ առավել անվտանգ ու ավելի կարճ հաղորդակցության միջոց Ռուսաստանի հետ:

Ցանկալի է, որ հանրապետության ղեկավարությունը Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ համապատասխան ծրագիր մշակի մեր երկրի ապագայի համար մեծ նշանակություն ունեցող այդ երկաթգծի շինարարությունը վերսկսելու եւ ավարտին հասցնելու համար:

 

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ»

12.01.2018