Ալեքսանդր Արզումանյան. «Այս վճիռը ոչ միայն ինձ համար, այլև` մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ, կարևոր նշանակություն կունենա»

Ալեքսանդր Արզումանյան. «Այս վճիռը ոչ միայն ինձ համար, այլև` մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ, կարևոր նշանակություն կունենա»

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով իր դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին՝ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը մանրամասնեց Եվրոպական դատարան դիմելու պատճառներն ու նպատակները:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Կալանավորումից հետո նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ շուրջ 11 տարի անց՝ այս տարվա հունվարի 11-ին բավարարել է Ալեքսանդր Արզումանյանի բողոքը: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Եվրոպական դատարանի կողմից հաստատվեց այն փաստը, որ դեռևս 2007թ մայիսին ինձ կալանավորելով խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված իմ իրավունքները, քանի որ ներպետական դատարանները չէին հիմնավորել իմ նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը: Ներպետական ատյանները միայն բավարարվել էին կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու` օրենքով սահմանված հիմքերը թվարկելով` առանց որևէ կերպ հիմնավորելու դրանցից որևէ մեկի առկայությունը: Այս վճիռը ոչ միայն ինձ համար, այլև` մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ, կարևոր նշանակություն կունենա, քանի որ այն նաև հաշվի է առնվելու մեր դատարանների կողմից կալանքը այլ անձանց նկատմամբ կիրառելու հարցում:

Կարեւորում եմ նաեւ, որ Հանրապետության Նախագահը ՀՀ դատախազության կոլեգիայում և այլ առիթներով անդրադարձել է այս խնդրին և տվել ուղիղ հանձնարարականներ, որ կալանավորումը, որպես խափանման միջոց ոչ միայն պետք է ընտրվի բացառիկ դեպքերում, այլև` յուրաքանչյուր դեպքում այդ որոշումները պետք է պատշաճ հիմնավորվեն և պատճառաբանվեն:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից տրամադրված նյութական փոխհատուցմանը, ապա այն ունի բացառապես խորհրդանշական նշանակություն, քանի որ ինձ համար կարևոր էր ոչ թե վճռի նյութական կողմը` Հայաստանի Հանրապետությունից գումար պահանջելը և ստանալը, այլ բարոյական կողմը` այն, որ ինձ կալանավորել էին առանց պատշաճ հիմնավորման: Իսկ տրամադրված փոխհատուցման գումարները ես ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Համենայնդեպս ես վստահ եմ, որ այս վճիռը ևս կծառայի մեր երկրում արդարադատության մակարդակի բարձրացմանը»:

Եվրոպական դատարանի վճռի մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմումատուին՝ Ալեքսանդր Արզումանյանին, դատարանի վճռի՝ վերջնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում վճարի 2500 եվրո. 2000 եվրոն ոչ նյութական վնասների, 500-ը դատական ծախսերի փոխհատուցման համար:

Աշոտ ՍՏԵՓԱՆՅԱՆ