Թանկացումների դեմ փողոցային պայքարը նման է դոնկիխոտյան պայքարի. Ատոմ Մարգարյան (Տեսանյութ)

Թանկացումների դեմ փողոցային պայքարը նման է դոնկիխոտյան պայքարի. Ատոմ Մարգարյան (Տեսանյութ)

Aravot.am-ն տնտեսագետ Ատոմ Մարգարյանին, որը նաեւ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հարցրեց, թե արդյոք ուշացա՞ծ չեն հանրապետության նախագահի` գնաճը զսպելու, դրա դեմ լուծումներ գտնելու հանձնարարականները, հատկապես, որ այն կանխատեսելի էր` պայմանավորված Հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

Պարոն Մարգարյանը պատասխանելով հարցին, ասաց, որ դեռեւս անցյալ տարի Կենտրոնական բանկը հստակ գնահատել է այն ազդեցությունը, որ կունենան այդ հինգ ապրանքների գների բարձրացումը: Մեր ճշտող հարցին, թե ինչո՞ւ հանձնարարականները չեղան մինչ այդ, Ատոմ Մարգարյանը պատասխանեց. «Այ, այդտեղ կարելի է, թերեւս, քննարկել, պարզել, պարզաբանումներ տալ, այդ ինչուների պատասխանը ես չէ, որ պետք է տամ»:

Պարոն Մարգարյանը քաղաքական ուժերի` թանկացումների դեմ ընդվզումները համարում է դոնկիխոտյան պայքար եւ քաղաքական դիվիդենդներ հավաքելու փորձ:
Հիշեցնենք, որ թանկացումների դեմ պայքարի կոչ է արել «Ելք» խմբակցությունը:

«Այս թանկացումները քաղաքականացվում են: Գների դեմ պայքարը նման է դոնկիխոտյան պայքարին՝ թղթե թրերով հողմաղացների դեմ»,-ասաց պարոն Մարգարյանը: Նա տարօրինակ է համարում, որ «Ելք»-ն ունենալով քաղաքական ամբիոն, փողոցային ակցիաների միջոցով է փորձում պայքարել:

Տնտեսագետի համոզմամբ, թանկացումները եւ գնաճը պետք է տարբերել եւ որոշ ապրանքների թանկացումը չի նշանակում գնաճի բարձր մակարդակ.
«Եթե այս գնաճային ցածր մակարդակի ֆոնը համեմատենք մեր տարածաշրջանի երկրների հետ, ապա Հայաստանում պատկերն ավելի տպավորիչ է, ավելի ցածր գնաճային տիրույթում է, քան օրինակ՝ ԵԱՏՄ երկրները, Թուրքիան, Իրանը: Մեզ մոտ թեեւ գնաճը ցածր է, սակայն հավասարակշռված չէ»,-ասաց Ատոմ Մարգարյանը:
Անդրադառնալով ֆինանսների նախարարի` գանձապետարանի որոշ թանկարժեք իրերի վաճառքին, պարոն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ լավ առաջարկ է. «Ժամանակի ընթացքում դրանք կորցնում են իրենց գրավչությունը, տեսքը, շուկայական գինը, նորմալ պրակտիկա է, որ դրանք վերածվում են ավելի նորմալ ակտիվների»:
Պարոն Մարգարյանը գտնում է, որ այս հարցի շուրջ առաջացած մտահոգությունները պայմանավորված են 2003-ին տեղի ունեցած նույնպիսի մի նախաձեռնությամբ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք վաճառվեցին գանձապետարանի ոսկիները եւ դրանք փոխարինվեցին արժեթղթերով, որոնք այդ տարիներին ավելի եկամտաբեր էին, սակայն վաճառելուց հետո ոսկու գինը եռակի բարձրացավ, եւ ստացվեց, որ մեր պահուստները էական վնասներ կրեցին:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Մարգարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե չի՞ տուժի արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը, Էդուարդո Էռնեկյանի` օդանավակայանների բիզնեսը զարմիկին հանձնելու որոշման արդյունքում: Ըստ Ատոմ Մարգարյանի, օդանավակայանը հանձնված է կոնցեսիոն կառավարման եւ Էռնեկյանի զարմիկը կշարունակի այդ գործը, քանի որ կնքված են միջազգային պայմանագրեր, կատարվել են հսկայական ներդրումներ եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ