Վանաձորում կրկին սկսել են տեղադրել նորաձեւ «ճանապարհային նշաններ»

Վանաձորում կրկին սկսել են տեղադրել նորաձեւ «ճանապարհային նշաններ»

Հայաստանի 3-րդ քաղաքում կարծես թե ավանդույթ է դարձել բաց դիտահորերում ծառի ճյուղեր տեղադրելը: Այս անգամ էլ ավտովթարներից ու անզգուշաբար բաց դիտահորն ընկնելու վտանգից խուսափելու համար, քաղաքի Երեւանյան խճուղի թաղամասի բնակիչներն են դիտահորի մեջ ծառի ճյուղ տեղադրել:

Նշված փողոցից օգտվող վարորդներն ու թաղամասի բնակիչներն ասում են, որ արդեն իրենք էլ նոր ճանապարհային նշան ունեն: Երկու օրը մեկ էլ նշված «ճանապարհային նշանն» ունենում է այլ տեսք, քանի որ հաճախակի են փոխում ծառի ճյուղերը. «Երկու օր առաջ ենք նոր ճյուղ դրել, առավոտյան տեսանք, որ արդեն կոտրվել է: Պետք է գնանք, նոր ճյուղ բերենք, փոխենք: Սա արդեն օգուտ չի տա: Մինչեւ տեսնենք, թե երբ կորոշեն փակեն դիտահորը»,- ասում են բնակիչները:

Հիշեցնենք, որ նմանօրինակ «ճանապարհային նշաններ» դեռ նախորդ տարիներից են տեղադրվում Վանաձորում: Իսկ Aravot.am-ի կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո, պատկան մարմինները դրան լուծում են տվել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ