Ռուբեն Հայրապետյանի խոսքով` մարզիչների հարցը հայկական ֆուտբոլի խոցելի կողմերից մեկն է

Ռուբեն Հայրապետյանի խոսքով` մարզիչների հարցը հայկական ֆուտբոլի խոցելի կողմերից մեկն է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց արգենտինացի մարզիչների Հայաստան գալու մասին, որոնք աշխատելու են պատանեկան թիմերի հետ: «Արգենտինացի մարզիչների խումբը ժամանելու է հունվարի 20-ից հետո: Մեր բոլոր թիմերը տալու ենք նրանց: Ես կարծում եմ՝ այն մարզիչը, որի գլխավորությամբ գալիս է խումբը՝ փորձառու է: Նա ժամանակին ղեկավարել է Արգենտինայի 19 տարեկանների հավաքականը եւ մասնակցել աշխարհի առաջնությանը:

Ես լսել եմ նրա առաջարկները, նա՝ իմ պահանջները եւ հստակ խնդիր է դրվել, որպեսզի հայ ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ վիճակը բարձրացվի եւ հայ ֆուտբոլիստներն ավելի շատ ընդգրկվեն արտասահմանյան բարձրակարգ ակումբներ, ինչպես նաեւ, որպեսզի 17 եւ 19 տարեկանների հավաքականները տան արդյունքներ: Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ հայկական ֆուտբոլում պատրաստվեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որպեսզի 21 տարեկանների եւ ազգային հավաքականները ավելի լավ հանդես գան միջազգային ասպարեզներում: Եվ ես կարծում եմ, որ արգենտինացիները մեծ օգուտ կտան», – ասաց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահն անդրադարձավ նաեւ ակումբներում մարզիչների եւ մրցավարների գործունեությանը: Նրա գնահատմամբ՝ ակումբներում ունենք մի քանի մարզիչներ, որոնք նվիրված են իրենց աշխատանքին, սակայն մեծամասնությունը թերանում է: Ավելին, ֆեդերացիան մարզիչների որակավորման բարձրացման նպատակով դրսից մարզիչներ է հրավիրել, սեմինարներ են անցկացվել, սակայն նրանց մեկնելուց հետո մեր մարզիչները շարունակել են աշխատել իրենց իմացածի չափով: Իսկ մրցավարների մասին պարոն Հայրապետյանն ասաց, որ չէր ասի, թե մեր մրցավարներն այնքան վատն են, ինչպես ներկայացնվում է:

Նրա խոսքերով` քիչ չեն եղել դեպքերը, երբ մրցավարի աշխատանքից հրապարակավ դժգոհող ակումբների նախագահներն եւ մարզիչները խաղից հետո տեսագրությունը դիտելով փոխել են իրենց կարծիքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ