Ընդդիմությունն ընդդեմ կոալիցիայի (Տեսանյութ)

Ընդդիմությունն ընդդեմ կոալիցիայի (Տեսանյութ)

«Ցանկացած ընդդիմադիր պետք է, որ երազեր նման նախագծի հաստատման համար»,- սա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի արձագանքն էր «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ կից ներկայացված նախագծերի փաթեթների քվեարկությանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարցն այսօր քննարկվում էր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագիծն ընդունվեց 6 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծին դեմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության երկու պատգամավորները: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ձեռնպահ քվեարկեց:

Հիշեցնենք, նախագծով փորձ է արվում կանոնակարգել ջրահեռացման համակարգը` նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը, պարտադրելով մաքրման կայաններ տեղադրել կեղտաջրերի հեռացման համար ինչպես համայնքների, այնպես էլ որոշ գործարանների համար և արտադրական կեղտաջրերը չխառնել կոյուղաջրերի հետ:

Հարցի հիմնական զեկուցող, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ օրենսդրական փաթեթի նպատակն է հստակեցնել պատասխանատու սուբյեկտներին, ստեղծել հնարավորություն, որպեսզի ջրամատակարարումը, ջրահեռացումը իրարից տարանջատելով` հնարավորություն տրվի նույն օբյեկտներին, որոնք աղտոտում են, նաեւ մասնավորին, մասնակցել այդ աշխատանքներին, տնտեսական արդյունք ստանալ: Ասենք, կեղտաջրերից  պարարտանյութ ստանալ և այլն: Օրինակ բերվեց «Հրազդան ցեմենտ» գործարանը: Գործարանի արտադրական կեղտաջրերը, որոնք պետք է մաքրվեն ոչ միայն տեխնիկական կայաններով, այլ նաեւ ջրի որակի մաքրման կայաններ պետք է տեղադրվեն:

Հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը դիտարկում ուներ`մաքրումը գին ունի, կլինի բնակչի կողմից, թե արտադրական կազմակերպության, չի կարող հարկային ազդեցություն չունենալ բնակչի և արտադրության, կազմակերպության վրա: Բնապահպանության նախկին նախարար, հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Արամ Հարությունյանը պարզաբանեց` հենց տնտեսվարողը պետք է շահագրգռված լինի, որպես եկամուտ ստացող ընկերություն:

Վարդևան Գրիգորյանը չհամոզվեց: Պնդեց` բնակչության համար հարկային վճարման համար ավելացումներ կլինեն: «Ասում եք՝ մինչև 2025թ-ը մի մասը պետք է  ունենա մաքրման կայաններ, իսկ մինչեւ 2030-ը հաշվարկով  ամբողջ ծրագրի ներդման համար գումարը կազմում է մոտ 2,5 մլրդ դոլար: Ես էլ ասում եմ, որ մինչև 2030 թվականը 12 տարի է մնացել, և եթե 2,5 մլրդը բաժանում ես 12-ի, ուրեմն ամեն տարի 200 մլն ներդրում է հարկավոր այդ ծրագիրը իրականացնելու համար, ինձ մոտ այդ մտավախությունը կա, որ բյուջեով կլինի, թե համայնքային բյուջեով կամ թե ներդրողների կողմից, մենք չենք կարող 200 մլն դոլար ապահովել, որպեսզի ծրագիրը կյանքի կոչենք: Այսինքն՝ ծրագիրը լավն է, ով չի ուզում շրջակա միջավայրը մաքրվի, իրատեսական չէ, որովհետև չկա այդ գումարը»,-ասաց նա: Սրանով էլ պայմանավորված էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների քվեարկությունը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ