«Արմեն Բիլյանի վիճակը ծայրահեղ ծանր է». փաստաբան

«Արմեն Բիլյանի վիճակը ծայրահեղ ծանր է». փաստաբան

Այսօր Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխված ավելի քան քսան օր հացադուլի մեջ գտնված «Սասնա ծուռ» Արմեն Բիլյանի առողջական վիճակը, ըստ նրա պաշտպանի, ծայրահեղ ծանր է:

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանի խոսքով`իր պաշտպանյալի՝ հացադուլ սկսելու հաջորդ օրվանից սկսած տարբեր պաշտոնյաներին, ում իրավասության մեջ է մտել նրա տեղափոխումը, դիմումներ են ուղղվել՝ խնդրանքով կազմակերպել Բիլյանի պատշաճ բժշկական օգնությունը ու լուծել նրա տեղափոխման հարցը՝ հաշվի առնելով, որ նրա խցային պայմանները  անհամատեղելի են նրա առողջական վիճակի հետ: Հիշեցնենք, որ Բիլյանը հացադուլ էր սկսել՝ պահանջով, որ իրեն տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ:

«Տարբեր ֆորմալ գրություններ եմ ստացել, թե նախորդ տարվա ընթացքում ինչ հետազոտություններ են կատարվել. «Բայց այդ հետազոտությունների մեծ մասը մեր միջոցներով են արվել, այդ թվում ողնաշարի յամերը կատարվել է մեր միջոցների հաշվին»:

Փաստաբանի խոսքով, ՔԿՀ-ից իրեն ու դատարանին միաժամանակ  երկու գրություն է հասել, դատարանին ուղղված գրության մեջ նշված է եղել, որ տեղափոխման անհրաժեշտություն  չկա, իսկ իրեն ուղղված գրության մեջ նշվել է, որ տեղափոխման համար վարույթ իրականացնող մարմնից թույլտվություն է անհրաժեշտ:

«Պաշտպանյալիս վիճակը ծայրահեղ ծանր է»,- հավելեց Բիլյանի փաստաբանը: Նա նաեւ հայտնեց, որ դատարանը թե՛ իր պաշտպանյալի, թե՛ նրա հետ հացադուլ սկսած մեկ այլ «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանի դեպքում գրություն է տվել՝ նշելով, որ նրանց տեղափոխման առումով առարկելու իրավասություն չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ