«Մեզանում այն թյուր կարծիքը կա, որ ՀՀ-ում անկախական, այլախոհական շարժում չի եղել». Աշոտ Մելքոնյան

«Մեզանում այն թյուր կարծիքը կա, որ ՀՀ-ում անկախական, այլախոհական շարժում չի եղել». Աշոտ Մելքոնյան

«Այս թեմային անդրադառնալը կարևոր է, քանի որ մեզանում այն թյուր կարծիքը կա, որ ՀՀ-ում անկախական, այլախոհական շարժում չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Այսօր՝ Ուկրաինական քաղաքական կալանավորների պաշտպանության օրը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առանձնատանն անցկացվեց հավաք՝ նվիրված 1988-ի հունվարի 12-ին Երեւանում կազմակերպված հայ, ուկրաինացի եւ վրացի այլախոհ ու ազգային գործիչների ղեկավար դեմքերի պատմական հանդիպման 30-ամյակին:

Հիշեցնենք, որ 1988-ին Ուկրաինայից ժամանել էին ետմահու Ուկրաինայի հերոս Վյաչեսլաւ Չորնովիլն ու Միհայլո Հորինը, Վրաստանից ետմահու Վրաստանի հերոս Մերաբ Կոստաևան։ Հայաստանյան մասնակիցների թվում էին ետմահու Հայաստանի ազգային հերոս դարձած Մովսես Գորգիսյանը:

Տեղեկացնենք, որ երևանյան այդ հանդիպման ընթացքում ստեղծվեց ազգերի համագործակցության կազմակերպություն: 30 տարի անց Պարույր Հայրիկյանի առանձնատանը կազմակերպված հավաքին անդրադարձ կատարվեց ԽՍՀՄ-ում այլախոհական շարժմանը: Հավաքին մասնակցեցին Ուկրաինայից, Վրաստանից ներկայացուցիչներ:

Aravot.am-ը հավաքի մասնակից, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ մեր օրերում ի՞նչ համատեքստում է պետք անդրադառնալ այլախոհական շարժմանը: Պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Պետք է շեշտադրել, որ ՀՀ-ում ոչ միայն եղել է անկախական շարժում, այլև հայերն այդ շարժման մեջ մեծ դերակատարություն են ունեցել: Անկախական շարժումը ԽՍՀՄ մակարդակով որոշակի եղանակ է ստեղծել: Ասել, որ ՀՀ-ում անկախական շարժում չի եղել, դա նշանակում է ասել, որ 1991-ը մեզ մոտ սկուտեղի վրա մատուցվեց: Մինչդեռ տասնամյակներ շարունակ մարդիկ կազմակերպություններ, կուսակցություններ են ստեղծել, պայքար մղել դրա համար, 1918-ի մայիսի 28-ը միշտ նրանց մտքում եղել է: Այդ երևույթը դրական է, և դրա համար էլ կարծում եմ՝ արժանի է յուրաքանչյուր հոբելյանի առիթով այդ խնդրին անդրադառնալը»:

Ըստ պարոն Մելքոնյանի՝ անկախ Հայաստանի պայմաններում  այլախոհական շարժում որպես այդպիսին նկատել ու դրան զուգահեռ անցկացնելը 1990-ականների հետ նպատակահարմար չէ. «Դրանք տարբեր երևույթներ են: Խոսքը խորհրդային ժամանակաշրջանի անկախական  և այլախոհական շարժման մասին է և խորհրդային իրականության դեմ պայքարի, ինչը միանգամայն այլ երևույթ է, ինչ ներկայիս իրականությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ