««Ելքի»՝ թանկացումների դեմ ակցիան արդյունք չի տա, եթե նախնական պայմանավորվածություն չկա»

««Ելքի»՝ թանկացումների դեմ ակցիան արդյունք չի տա, եթե նախնական պայմանավորվածություն չկա»

2018-ի հենց առաջին օրվանից մեկնարկած թանկացումները, չգիտես՝ ինչո՞ւ բոլորին ցնցել  եւ զայրացրել են: Անգամ իշխանության ներկայացուցիչներն են փոքր-ինչ մտահոգված: Երկրի նախագահը հանձնարական է տվել կառավարության ներկայացուցիչներին թանկացումները մեղմելու ուղղությամբ լուծումներ առաջարկել:

Մինչդեռ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այս թանկացումները ոչ հանրության, եւ ոչ էլ առավել ևս երկրի նախագահի ու իշխանության համար անակնկալ չէին. «Այս թանկացումները հանկարծակի չեն եղել: Ազգային ժողովը բյուջե է ընդունել, որն ուժի մեջ է մտել: Բյուջեում հստակ արձանագրված է՝ բյուջեն պետք է 100 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ հավաքի եւ դրանում մեծ դեր ունի հարկերի բարձրացումն ու նոր հարկատեսակները եւս: Այնպես որ, նոր բան չկա, եւ ընդունողը եւ վավերացնողները քաջատեղյակ էին»:

Պարոն Խաչատրյանը ներկայացրեց որոշ թվեր, թե Հարկային օրենսգրքի ազդեցությունը տնտեսության վրա առանձին հարկատեսակներով որքան են կազմելու եւ բյուջե տարեկան հավելյալ որքան գումար է մտնելու: Ըստ այդմ, ինչպես Խաչատրյանը ներկայացրեց՝ դիզվառելիքի ակցիզային հարկի բարձրացման դեպքում՝ 7.35 միլիարդ դրամ՝ լրացուցիչ եկամուտ է ապահովելու, բենզինի դեպքում՝ 1.93 միլիարդ դրամ, ծխախոտի դեպքում՝ 5.41 միլիարդ դրամ:

«Մի քանի ապրանքատեսակներից ենք հիմա խոսում, դեռ չեն ասում տրանսպորտային հարկի մասին եւ այլ կանոնակագերով  արտոնագրային վճարների ու այլ ապրանքների մասին: 1 տարի քննարկվում էր հարկային օրենսգիրքը, այս ընթացքում բոլորը գիտեին` ինչ է սպասվում: Չգիտեմ՝ ինչի՞ էին սպասում, հրաշքի՞: Հունվարի 1-ից հանկարծ բենզինի, դիզվառելիքի եւ մյուս ապրանքների գները բարձրացան, արվեստի դպրոցների վարձավճարները բարձրացրին, ու պատճառաբանում են՝ պարզապես նոր օրենքներ են: Գյուղոլորտն է հարկվելու ԱԱՀ-ով: Այս ամենը պարզ էր եւ տեսանելի: Հիմա հարցադրում անեմ՝ կառավարություն, դուք ի՞նչ եք ուզում անել, այսինքն` դուք  ուզում եք բյուջեի եկամուտները լուծել էլի ժողովրդի՞ հաշվին: Ի՞նչ եք ուզում անել, մեր գրպանից փողը հանում եք իբր լցնում եք բյուջե, չգիտեմ ինչ հարց լուծելու համար: Եթե տնտեսական աճի հաշվին պետք է լիներ, ապա ասեք դրա հաշվին որքան պետք է ավելանա եկամուտը: Որովհետեւ ի՞նչ է ստացվում՝ 6% տնտեսական աճ է լինում, բայց մենք դրա հաշվին տուժում ենք»,-ասաց տնտեսագետը:

Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ Բյուջեի մասին օրենքով գնաճը 4+-1%-ի սահմաններում է նշած, եւ ուրեմն, ինչպես Խաչատրյանն ասաց՝ կառավարությունն ասում է՝ ըստ այդմ էլ անհանգստանալու հիմք չունենք, այդ օրենքով գնաճը կառավարելի կլինի. «Այս ենթատեքստով մնացած բոլոր պատճառաբանություններն ու հանձնարարականները  անհասկանալի են: Ինչո՞ւ եք խառնվել իրար, եթե իսկապես ամեն ինչ նորմալ է եւ գնաճը սահմանվածի սահմաններում է: Ես միշտ ասել եմ՝ 2018-ին մենք ավելի վատ  ենք ապրելու, որովհետեւ իրական աշխատավարձի աճ չկա, եւ դրան ավելացված կանխատեսումը ինֆլյացիայի, գումարած մարդկանց եկամուտների նվազումը, նոր օրենքով՝ եկամտային հարկը, հետո պարտադիր կուտակային կենսաթոշակայինը»:

Խաչատրյանի կարծիքով՝ պետական այս քաղաքականությունը՝ 2018-ի բյուջեով ասում է՝ մենք պետք է մտնենք ձեր գրպանը, կենսաթոշակ ու աշխատավարձ չենք բարձրացնելու, ուրեմն մարդիկ պետք է սուղ միջոցներով ապրեն, սնունդին քիչ գումար տան»:

«Ելք» դաշինքի նախատեսած թանկացումների դեմ երթն արդյոք արդյունք կտա, սա իշխանություններին «թափ տալու» ակցիա կլինի՞, թե պարզապես մի սովորական երթ է լինելու, մեր այս հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող ասել, որ այդ ակցիան որեւէ արդյունք կտա, եթե նախնական պայմանավորվածություն չկա, ես ինձ թույլ եմ տալիս նման բան ասել: Որովհետեւ դրա վառ ապացույցն են նախկինում եղած նշանակալի ակցիաները, որոնց հետեւանքներն ավելի վատ եղան: Օրինակ՝ «Էլեկտրիկ Երեւանը»:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ «Ելքի» ակցիան ընդամենը դժգոհություն արտահայտելու ձեւ է: Բայց դրա փոխարեն, ըստ Խաչատրյանի, «Ելքը» ամիսներ առաջ պետք է ԱԺ-ում լուրջ հարցադրումներ աներ. «Այս թանկացումների մասին բոլորը  գիտեին, հատկապես խորհրդարանում գտնվողները: Նրանք կարող էին մանրամասն հարցադրումներ անել, թե՝ ի՞նչ է լինելու այս նորամուծություններից, հարկային նոր օրենսգրքով հարկերի դրույքաչափերը որքան են բարձրանալու եւ դա գնաճի վրա ինչ ազդեցություն է ունենալու: Իրենք պարտավոր էին հաշվարկել ու ներկայացնել: Ոչ ոք հրապարակային այդ մասին չի խոսել: Միայն «Ծառուկյան» դաշինքից վերջերս նման հարցադրումներ կարդացի: Ակցիայի փոխարեն, բյուջեի քննարկումների ժամանակ այդ հարցադրումերը պետք է արվեին: Հիմա դուրս կգա՞ն փողոց, խնդրեմ, մենք պետք է կողքի նայենք ու տեսնենք, թե  քաղաքացիների արձագանքն ինչպիսին է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ