«2006-2007 թվականների գանգատները, Մարտի 1-ի տասնյակներով գանգատները ՄԻԵԴ-ում հերթի են կանգնած»

«2006-2007 թվականների գանգատները, Մարտի 1-ի տասնյակներով գանգատները ՄԻԵԴ-ում հերթի են կանգնած»

Ըստ Արա Ղազարյանի՝ եթե համակարգային խնդիրները երկրի ներսում լուծվեն, ՄԻԵԴ-ի նկատմամբ հետաքրքրությունը կնվազի

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի գանգատի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից բավարարումն ակնկալվում էր:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Ղազարյանը մանրամասնեց. «Որեւէ անակնկալ բան չկար: Նման որոշումներ դեռ շատ են հերթի սպասում: 2006-2007 թվականները, Մարտի մեկի գործերը՝ տասնյակներով, որոնց Եվրոպական դատարանն ընդհանրապես չի անդրադարձել: Շատ են հերթի կանգնած նման գործերը»:

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է Ալեքսանդր Արզումանյանին դատարանի վճռի՝ վերջնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում վճարի 2500 եվրո. 2000 եվրոն՝ բարոյական վնասի, 500-ը՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:

Մեր այն դիտարկմանը՝ հնարավո՞ր է դեսպան լինելու հանգամանքից ելնելով՝ պարոն Արզումանյանը չվերցնի այդ գումարը, Արա Ղազարյանը պատասխանեց. «Դա նրա քաղաքացիական իրավունքն է: Կարեւոր չէ՝ դեսպան է, թե ոչ: Բոլորն էլ ունեն քաղաքացիական իրավունքներ, ինչը որեւէ կապ չունի անձի պաշտոնի հետ: 2500 եվրոյի չափը ՄԻԵԴ-ը որոշել է ըստ Արզումանյանի դիմումի, հետեւաբար եթե գումարի պահանջ չներկայացվեր, Եվրոպական դատարանը գումար չէր շնորհի»: Իհարկե, ՄԻԵԴ-ը կարող էր որոշել նաեւ, որ խախտման արձանագրումը ինքնին բավարար փոխհատուցում է, սակայն եթե խոսքը վերաբերում է ազատության իրավունքի խախտմանը, բավարար փոխհատուցումը կարող է լինել միայն դրամական փոխհատուցման եղանակով»։
Հարցին՝ հնարավո՞ր է սա լինի նախադեպային գործ՝ այն առումով, որ բավարարվեն նաեւ մի շարք այլ գանգատներ, օրինակ՝ «Սասնա ծռերի» անդամների կողմից ներկայացվածները, որոնք վերաբերում են ապօրինաբար կալանքի տակ պահվելուն, քանի որ Ալեքսանդր Արզումանյանն էլ էր բողոքարկում իրեն կալանքի տակ պահելու հիմքերը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով, Արա Ղազարյանը պատասխանեց. «Ամեն գործ անհատական է, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գանգատը քննում է տվյալ գործի շրջանակներում:

Եթե գործերը նման են, միայն այդ դեպքում կարելի է ասել, որ դատարանը հնարավոր է նման որոշում կայացնի, բայց հաստատապես հնարավոր չի ասել, քանի որ բացի գործի հանգամանքներից, բազմաթիվ այլ գործոններ ու պայմաններ էլ կան, որոնք կարող են ստիպել ՄԻԵԴ-ին անկանխատեսելի լուծում առաջարկել: «Սասնա ծռեր» խմբի անդամները նույնպես կարող են հաջողության հասնել ՄԻԵԴ-ում, կախված նրանից, թե ինչ են վիճարկում, եւ կախված դատավարության հետագա ընթացքից։ Այն հանգամանքը, որ այդ խմբի անդամները որոշել են բռնության միջոցով լուծել քաղաքացիների քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները, ՄԻԵԴ-ը այդ հարցին չի անդրադառնա, բայց, օրինակ, նրանց քաղաքացիական որոշ իրավունքների հարցերին արդեն, որքան գիտեմ, անդրադարձել է եւ կարող է ապագայում էլ անդրադառնալ։ Ընդհանրապես, մարդու իրավունքը պատկանում է բոլորին, նույնիսկ ահաբեկիչներին, նույնիսկ բռնության կոչ արձակողներին, բռնություն հրահրողներին»։

Պարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը՝ արդյոք Հայաստանի դեմ գանգատների եւ ՄԻԵԴ վճիռների աճ գրանցվե՞լ է, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը մտել են այն երկրների շարքը, որոնք շատ են դատվում: Նախկինում Ռուսաստանը, Ռումինիան, Ուկրաինան, Իտալիան, Թուրքիան էին, բայց անցյալ տարվանից այդ շարք մտան նաեւ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Բնակչության թվի համեմատ ընդդեմ Հայաստանի գանգատները շատ են, բայց ընդհանուրի մեջ դրանք շատ քիչ են»:

Պարոն Ղազարյանը հայտնեց, որ կան նոր երեւույթներ. «Կրոնական համոզմունքների, սեռական կոմնորոշման, ընդհանրապես՝ խտրականության, երեխաների իրավունքների, փախստականների իրավունքների, օրինակ՝ չվերադարձնելիության սկզբունքը ՀՀ-ում իրավասու մարմինների կողմից կիրառվում է մեծ խախտումներով, որոնք հանգեցնում են Եվրոպական կոնվենցիայի խախտմանը»։

Պարոն Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի գանգատների թվի աճ կա: Ըստ ՄԻԵԿ փորձագետի՝ այստեղ դերակատարություն ունի երկու գործոն. «Դիմումներն աճում են երկու գործոնի պատճառով. պետական մարմինները խախտում են մարդկանց իրավունքները, մյուս կողմից՝ ավելանում է մասնագետների թիվը, որոնք որակյալ գանգատներ են ներկայացնում։ Օրինակ՝ 2007-ին քչերն էին գանգատներ ներկայացնում, քչերն էին պատկերացնում Եվրոպական դատարանի դերակատարությունը կամ ունեին փորձառություն: Իրավագիտակցությունը, պրոֆեսիոնալիզմը, Եվրոպական դատարանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում են, ուստի նկատվում է որակյալ գանգատների հոսքի աճ: 2007-ի դրությամբ մի քանի հոգու գիտեի, որ համակարգված կերպով աշխատում էին, հիմա արդեն շատ փաստաբաններ, իրավապաշտպաններ ունենք, որոնք ունեն բավականին մեծ գիտելիքներ ու փորձ: Անգամ իրավապաշտպաններ կան, որ առանց փաստաբանների հետ համագործակցության հաջողությամբ գանգատներ են ներկայացնում ՄԻԵԴ: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների կարողությունները նույնպես մեծացել են:

Բայց նորից եմ կրկնում՝ առաջին հերթին այստեղ պետական մարմիններն են մեղավոր, քանի որ շատ հարցեր, որ պետք է ազգային համակարգում լուծվեին, չեն լուծվում, եւ այդ պատճառով մարդիկ դիմում են ՄԻԵԴ։ Պարզ է, որ եթե համակարգային խնդիրները լուծում ստանան երկրի ներսում, հետաքրքրությունը ՄԻԵԴ-ի նկատմամբ կնվազի»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

12.01.2018