Փարիզը մնում է Փարիզ

Փարիզը մնում է Փարիզ

«Փարիզն այլեւս եվրոպական քաղաք չէ: Այնտեղ վխտում են փախստականների ամբոխները, սեւերն ավելի շատ են, քան սպիտակները, իսկ այն սպիտակները, որ մնացել են, բոլորը միասեռական են». այսպիսի դատողություններ ես հաճախ լսում եմ այն մարդկանցից, որոնք երբեւէ Փարիզում չեն եղել, բայց նայում են ռուսաստանյան ալիքներ եւ հավատում են պուտինյան քարոզչությանը: Թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ այդ ամենը սուտ է: Ես եղել եմ Փարիզում 1992-93 թվականներին եւ հիմա, ու չեմ կարող ասել, որ 25 տարում շատ բան է փոխվել: Այո, շատացել են ավտոմատներով զինված ոստիկանները, այո, կան մուրացկաններ Միջին Արեւելքից, բայց կան նաեւ ֆրանսիացի մուրացկաններ (ի դեպ, շրջմոլիկներ փողոցներում ավելի հաճախ են հանդիպում, քան Երեւանում), բայց Լուվրը, Օրսե թանգարանը, Մոնմարտրը, Լատինական թաղամասը, «Մուլեն ռուժը» եւ մնացածը իրենց տեղում են, Փարիզը շարունակում է մնալ Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների մայրաքաղաքը, եւ այդ ազգին հատուկ ճաշակը, հումորը, իսկապես դարավոր պետականության նշանները, կասեի նաեւ` հմայքը, զգացվում են ամեն քայլափոխի:
Ամենամեծ ստերից մեկը, որը տարածում են Եվրոպայի եւ, մասնավորապես, Փարիզի մասին, ընտանիքի ինստիտուտի քայքայման մասին սուտն է: Սովորաբար վերցնում են ինչ-որ մի արտառոց դեպք եւ դրանից հեռուն գնացող հետեւություններ են անում: Բայց այն, ինչ ես իմ աչքով եմ տեսել, սովորական ընտանիքներն են` երկսեռ ծնողներով եւ երեխաներով, որոնց միջեւ հարաբերությունները պակաս ջերմ չեն, քան հայկական ընտանիքներում:

Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս տեսանք երիտասարդ զույգերի, որոնք ունեին չորս-հինգ երեխա: Այս թեմայի վերաբերյալ մեկ այլ դիտարկում եւս. ի հեճուկս այն բոլոր խոսակցությունների, թե եվրոպական ընտանիքներում երեխաները պատանեկան տարիքից թողնում են տունը եւ կտրում կապերը ծնողների հետ, տեսանք բազմաթիվ տարեց ծնողների` Ֆրանսիայից եւ եվրոպական այլ երկրներից, որոնք իրենց հանգիստը կամ պարզապես ժամանցը անցկացնում էին չափահաս զավակների հետ: Ինձ թվում է` եվրոպացիները չեն հեռացել ավանդական արժեքներից, այնպես որ, սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե պետք է Եվրոպայից «հետ չմնալ» ընտանիքների «ազատականացման» հարցում:

Եվ վերջապես մի բան, որն իսկապես նախանձ էր շարժում: Փարիզի գրախանութների առատությունն ու բազմազանությունը: Այդ քաղաքի մետրոյում կարելի է տեսնել ոչ միայն մարդկանց, որոնք հեռախոսով ֆեյսբուքյան ժապավենն են տանում-բերում, այլեւ նրանց, ովքեր գիրք եւ թերթ են կարդում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ