Մարիխուանան պահել է հոր տան պատշգամբի սեղանին դրված սկուտեղում

Մարիխուանան պահել է հոր տան պատշգամբի սեղանին դրված սկուտեղում

Հենրիկ Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հունիսի 12-ին գտնվելով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում գտնվող իր հայրական տանը, տնամերձ այգուն հարակից հատվածում  վայրի աճած կանեփի  թփերից տերեւներ պոկելու եղանակով, խախտելով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի  մասին ՀՀ օրենքի  պահանջները, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի`5.24 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ այն պահել տան պատշգամբի մետաղյա սեղանին դրված սկուտեղում:

Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, որոնք կատարվել են խոշոր չափերով»): Այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց դատարան են ներկայացվել 5.24 գրամ մարիխուանա եւ 15.82 գրամ կանեփի հումք:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Ադամյանը չի ներկայացել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած  դատական նիստերին, 2017թ. նոյեմբերի 20-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը   նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել: Նոյեմբերի 27-ի  դատական նիստին եւս ամբաստանյալը  չի ներկայացել, այդ օրը դատավոր Ռ. Մելքոնյանը վճռել է նրա խափանման միջոցը փոխել, խափանման միջոց ընտրել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում, քրեական գործի վարույթը կասեցնել մինչեւ նրա հայտնաբերումը: Դեկտեմբերի 21-ին  ոստիկանության Տավուշի բաժնից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան գրություն է ստացվել, որ Հենրիկ  Ադամյանը հայտնաբերվել է եւ տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Նույն օրը դատավոր Ռ. Մելքոնյանը վճռել է նրա վերաբերյալ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսել: Նշված քրեական գործով վերջին նիստը նշանակված էր հունվարի 11-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ