«Մի՛ գոռա, այդպես չեն սիրում». Շուշան Պետրոսյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում

«Մի՛ գոռա, այդպես չեն սիրում». Շուշան Պետրոսյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը անդրադարձավ հայրենիքի հանդեպ մարդկանց սիրուն ու քննադատեց հեռվից հայրենիքը սիրողներին. «Մի ազգ՝ մի բանակը պլակատ չի, կենսակերպ է, Արցախն էլ Հայաստան է ու վերջ: Ուրեմն Հայաստան-Արցախը՝ մեր հայրենիքը մի զինավան է ու բոլորս այստեղ զինվոր ենք»: Նա ասաց, որ եզդիները, քրդերը, բոլորը, ովքեր Հայաստանում են ապրում, բոլորը զինվոր են. «Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, ուրեմն մի՛ գոռա, այդպես չեն սիրում: Հատկապես, որ չի բացառվում, որ մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցն ուրիշ բեւեռից լսվի: Հանգի՛ստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի ու հայն ու Հայքը՝ իր ակունքով, արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն: Երկիրդ սիրելը հայելու առջեւ մենակ գոնե ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նման է՝ նայիր աչքերիդ, տես սիրտդ, ապրածդ քննիր ու սկսիր քեզնից»:

Ելույթի վերջում նա ասաց, որ երբ երկրիդ հողին կանգնած ես ու զգում ես, որ իր շարունակությունն ես, բողբոջել ես, որեւէ Եվրասիա «partnership», Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ