«Մեր Մարտին Լյութեր Կինգը». Հրանտ Դինքի հիշատակի խնկարկումը

«Մեր Մարտին Լյութեր Կինգը». Հրանտ Դինքի հիշատակի խնկարկումը

Տորոնտո, Կանադա (հունվարի 29, 2018): Հրանք Դինքի սպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ Տորոնտոյի հայ համայնքը հավաքվել էր Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցում՝ նրա թողած ժառանգությունը և մարդկության ու սիրո ուղերձը պատվելու և հիշատակելու համար:

Կինոգետ և լրագրող Քումրու Բիլիջին հանդես եկավ հետևյալ խոսքով. «Նա պայքարեց բոլորի համար…երբ խոսքը վերաբերվում էր անարդարությանը, Հրանտ Դինքի համար գոյություն չունեին թուրքեր, քրդեր կամ հայեր: Նրան խորապես մտահոգում էր խոսքի ազատությունը, քանզի կարծում էր, որ գոյություն չունի մի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել երկխոսության միջոցով՝ ազատ արտահայտելով սեփական տեսակետն ու լսելով միմյանց: Շնորհակալ եմ բոլորիցդ այս բացառիկ անհատի՝ մեր Մարտին Լյութեր Կինգի հիշատակը վառ պահելու համար»:

Դոկտոր Փայամ Ախավանը, ով հայտնի իրավապաշտպան է և Մակ Գիլլ իրավունքի դպրոցի պրոֆեսոր, միջոցառման գլխավոր բանախոսն էր: Դոկտոր Ախավանը մանրակրկիտ կերպով ներկայացրեց թուրքական քաղաքացիական հասարակության բարդ բնույթը, որտեղ էթնիկ ազգայնամոլությունը սահմանում է «ինքնությունը»՝ բացառելով և ստորադասելով այլոց:

«Ատելության կողմնակիցներին աջակցելու հետևանքը էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը եղան…բոլոր մեծ չարիքները սկսվում են բառերից, որոնք նվաստացնում և բարոյալքում են ուրիշներին»:

Սա հենց այն էր, ինչի դեմ պայքարում էր Հրանտ Դինքը: Նրա նպատակն էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների միջև մարդասիրություն հաստատել: Երբ խոսքը վերաբերվում էր անարդարությանը, Հրանտի համար գոյություն չունեին թուրքեր, քրդեր, հույներ, եզդիներ կամ հայեր: Նրա նպատակն էր ոչնչացնել «մենք ընդդեմ նրանց» հասկացությունը և օգնել Թուրքիային՝ իրական ժողովրդավարություն դառնալու ճանապարհին:

Հայկական սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցու հիմնադիր քահանա և միջոցառման կազմակերպիչ Հայր Եղիա Քիրիջյանը բացման խոսքով դիմելով լսարանին՝ խնդրեց յուրաքանչյուրին մի պահ տրամադրել կողքին նստող անձի հետ ծանոթանալու համար: Սա Հրանտ Դինքի ուղերձի գործնական դրսևորման հիանալի առիթ էր:

Զորյան ինստիտուտի հաղորդակցության հարցերով համակարգող Մեգան Ռեյդը նկարագրեց աճող կրոնական պոպուլիզմով, էթնիկ և ռասայական բացառիկությամբ բնութագրվող քաղաքական ներկայիս միջավայրը Միացյալ Նահանգներում, Թուրքիայում և Եվրոպայում, տարբերություն մարդու իրավունքների ոտնահարման համընդհանուր պաշտպանությանը:

Զորյան ինստիտուտում թուրքական հարցերով հատուկ խորհրդական և Պոլսահայ մշակութային միության ներկայացուցիչ Րաֆֆի Պետրոսյանը լսարանին ներկայացրեց Հրանտ Դինքի կյանքը և հաստատեց, թե ինչպես էին մտավորականները, գրողները, լրագրողները, ռեժիսորներն ու ընկերները խորապես ազդված Հրանտի առաքելությամբ: Նա իր խոսքը եզրափակեց՝ հնչեցնելով Դինքի գլխավոր հարցը. «Արդյո՞ք մենք գործելու ենք որպես անցյալում կատարված հանցագործությունների պատասխանատուներ, թե՞ դասեր ենք քաղելու այդ սխալներից և գրելու ենք քաղաքակիրթ մարդկությանը հարիր և առանց «մենք ընդդեմ նրանցի» նոր էջեր»:

Միջոցառումը կազմակերպվել էր Զորյան ինստիտուտի և Պոլսահայ մշակութային միության կողմից՝ Տորոնտոյի հայկական միության, Տորոնտոյի հայ բարեգործական ընդհանուր միության, Կանադայի հայ գործարար խորհրդի, համազգային հայ կրթական և մշակութային «Գլաձոր» միության մասնաճյուղի, Տորոնտոյի մխիթարյան շրջանավարտների ասոցիացիայի, «Նոր Սերունդ» մշակութային միության և Թեքեյան մշակութային միության մասնակցությամբ:

Զորյան ինստիտուտ