Ինչպես հեռացնել տխրությունը սրտից 3 պարզ քայլերով

Ինչպես հեռացնել տխրությունը սրտից 3 պարզ քայլերով

Երբ որ դուք գտնվում եք տխրության կամ ծայրահեղ ընկճվածության մեջ, երեք քայլեր կան, որ պետք է կատարել այդ վիճակից անմիջապես դուրս գալու համար: Ու տա Աստված, որ հիշեք այս բաները եւ կատարեք ձեր կյանքում: Մեր ուղղափառ քրիստոնեական հավատքը փորձառու գիտություն է: Երանի այս բաները հիշեք եւ ձեր կյանքի մնացած մասն ապրեք առանց հուսահատության ու ընկճվածության:

1. Երբ որ ձեր կյանքում մի բան է պատահում, ոչ մի դեպքում որեւէ մեկին մի մեղադրեք կատարվածի մեջ: Եթե մի բան է պատահել, որ տխրեցրել է ձեզ, ոչ Աստծուն մեղադրեք, ոչ էլ մարդկանց այն բանի մեջ կամ այն բանի համար, որ պատահել է ձեր կյանքում: Հարեւաններին մի մեղադրեք: Աշխատանքային ընկերներին մի մեղադրեք: Բարեկամներին մի մեղադրեք: Նույնիսկ եթե ձեզ թվա, թե ձեր նեղությունները եկել են մարդկանց պատճառով: Իհարկե, ինչ-որ տեղից կամ ինչ-որ մեկից պիտի գա այդ նեղությունը: Բայց զսպիր քեզ: Ոչ մի դեպքում ոչ մեկին մի մեղադրիր: Ու հանկարծ չմտածեք Աստծու նկատմամբ տրտնջալ, թե՝ «Տեր, ինչի համար, ինձ, որ այսպես լավն եմ ու բարի, այսպիսի փորձություն ուղարկերցիր»: Հանկարծ նման բան չանեք ու չասեք:
Ուրեմն առաջին քայլը՝ ոչ մի դեպքում ոչ մի տրտունջ Աստուծո դեմ, ու ոչ մի մեղադրանք մարդկանց դեմ:

2. Երկրորդ քայլին պետք է մի քիչ հավաքել սեփական անձն ու նայել քո ներսը: Դու քո կյանքում երբեւէ մի սխալ բան արե՞լ ես: Արել եմ: Երբեւէ որեւէ մեկի նկատմամբ մի անազնիվ ու անպատշաճ միտք ունեցե՞լ ես: Ունեցել եմ: Եվ արել ես, եւ մտածել ես, եւ վատ բան ես ցանկացել: Ուրեմն ահա երկրորդ քայլը: Պետք է ասել, «Տեր, ես իմ գործերի արժանին եմ ստանում»: Տեսնո՞ւմ եք՝ ինչպիսին է երկրորդ քայլը. «Տեր Աստված, ես իմ գործերի արժանին եմ ստանում»: Աջակողմյան ավազակը, ով խաչվում էր Քրիստոսի հետ, ասա՞ց այսպիսի բան, այդ ցավի մեջ գիտակցե՞ց իր սխալները: Գիտակցեց: Ու ի՞նչ ստացավ Քրիստոսից: «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ կլինես դրախտում» (Ղկ. 23:43): Հենց այսպիսին է 2-րդ աստիճանը: «Տեր, ես իմ գործերի արժանին եմ ստանում»: Դժվար բան է այսպես ցավի մեջ սեփական անձը քննադատելը: Որովհետեւ մենք մեզ արդար ու բարի մարդիկ ենք համարում եւ ուրիշներին վատը:

3. Քանի որ ես արդեն հասկանում ու գիտակցում եմ, որ իմ նախկին չար գործերի արժանին եմ ստանում, նաեւ հավատում եմ, որ «Տեր, դու սեր ես, եւ չկա մի բան, որ իմ հետ կատարվի, որ վրեժ լինի քո կողմից»: Իսահակ Սիրիացին գրում է, որ «Աստված ոչինչ չի անում պատիժ հատուցելու համար, այլ ինչ որ անում, միայն այն բարիքի համար է անում, որ դա կբերի այդ մարդու փրկության օգտին»: Աստծուց որեւէ բան մեզ կործանելու համար չի կատարվում, այլ մեր փրկության օգուտի համար: Որպեսզի մարդը անդրադառնա, խոնարհվի ու ավելի բարի դառնա: Սիրով լցվի:

Ու եթե ես հավատում եմ, ապա «Տեր, դու իսկապես սեր ես: Ինձ հետ ոչինչ պատահականորեն չի կատարվում, այլ միայն կատարվում է արժանիորեն ու քո սիրով, որովհետեւ Տեր, դու բժիշկ ես, այլ ոչ թե դահիճ: Դու օգնում ես ու բժշկում ես ինձ քո սիրով»:
Եվ ահա 3-րդ քայլը: «Փառք քեզ Տեր, այս բանի համար, որ պատահեց ինձ հետ, ամեն ինչի համար: Շնորհակալություն քեզ, սեր Աստված, ամեն ինչի համար»:

Ուզում եմ ձեզ ասել, որ նա, ով կյանքի դժվարին ու հուսահատ պայմաններում, ուղղակիորեն կսկսի փառավորել Աստծուն ու ասել, «Տեր, փառք քեզ ամեն ինչի համար, շնորհակալություն քեզ ամեն ինչի համար», քանի անգամ որ ասեք, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, շատ արագ կհամոզվի, թե ինչպես է սրտի տխրությունը սկսում հեռանալ:
Սիրելի բարեկամ: Ուղղափառ քրիստոնեությունը համակարգիչ չէ, այլ փորձված գիտություն: Այն 2000 տարի սուրբ մարդկանց կյանքում գործել է ու ապացուցել իր ճշմարտացիությունը: Նեղության մեջ ինքներդ վարվեք այսպես եւ թող հեռանա ձեր սրտի տրտմությունը: Աստված ամեն մեկիս մեծ նպատակ է տվել: Դրան առանց ընդդիմության չենք հասնելու, քանի որ մարդու թշնամին՝ սատանան, «մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ո՛ւմ կուլ տա» (Ա.Պտ 5:8): Բայց հենց որ ձեզ թվա, թե փոսի մեջ եք ու անելանի է վիճակը՝ գովաբանեք Աստծուն: Մի մեղադրեք ոչ մեկին, տեսեք ձեր սխալներն ու փառք տվեք Աստծուն: Որովհետեւ «փորձության հետ փրկության ելքը ցույց է տրվելու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կր. 12:9): Ամեն իրավիճակի մեջ ելքը ցույց է տրվելու:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

01.02.2018