«Դիմելու ենք նախագահին». աջ ղեկով մեքենաների երթ՝ Երեւանում (Ֆոտոշարք և տեսանյութ)

«Դիմելու ենք նախագահին». աջ ղեկով մեքենաների երթ՝ Երեւանում (Ֆոտոշարք և տեսանյութ)

Աջ ղեկով մեքենաների վարորդների նախաձեռնությամբ այսօր Էրեբունի համայնքում գտնվող ավտոշուկայի մոտից տեղի ունեցավ ավտոերթ՝ դեպի երեւանյան մի շարք կենտրոնական փողոցներ: Սա «Աջ ղեկ» նախաձեռնության բողոքի գործողություններից մեկն էր՝ ուղղված աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի դեմ: Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելվում է Հայաստան ներկրել աջ ղեկանիվով մեքենաներ:

«Երթից հետո նամակով դիմելու ենք ՀՀ նախագահին եւ ներկայացնելու խնդիրները: Մարդկանց իրավունքների խախտման մասին է խոսքը: Նրանք ձեռք են բերել ավտոմեքենա, բայց չեն կարող բերել Հայաստան եւ տնօրինել: Խնդիրն այն է, որ ձեռքբերումը տեղի է ունեցել նախորդ տարի՝ մինչեւ կառավարության կողմից արգելքի որոշման կայացումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արա Մելիքջանյանը:

Նա հավելեց. «Մեր պահանջն այն է, որ ժամկետները վերանայվեն: Հիմնավորած ժամկետներ են պետք: Մասնավորապես, մոտ վեց ամիս է պետք, որ մարդիկ կարողանան արդեն իսկ գնված մեքենաները ներկրել»:

Երթի այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ