Աջ ղեկով 900 մեքենայի ճակատագիր օդում կախված է (տեսանյութ)

Աջ ղեկով 900 մեքենայի ճակատագիր օդում կախված է (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աջ ղեկով մեքենաների վարորդների նախաձեռնությամբ այսօր Երեւանում ավտոերթ տեղի ունեցավ՝ ընդդեմ Կառավարության որոշման (ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն  արգելվում է Հայաստան ներկրել աջ ղեկանիվով մեքենաներ): «Աջ ղեկ» նախաձեռնության անդամներից Արտաշես Հարթենյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ իրենք առաջարկներ էին ներկայացրել ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, որից օրերս ստացված պատասխանում ասվում է, թե նախարարությունը վարորդների նամակում հստակ առաջարկներ չի տեսնում, իսկ կառավարության որոշումը ենթակա չէ վերանայման: Նախարարության պատասխանը վարորդները «ծիծաղելի» են որակում:

«Մեքենայի գնման պահից մինչեւ Հայաստան տեղափոխումը կարող է տեւել մինչեւ 150 օր, այսինքն՝ մոտ վեց ամիս: Բայց այդ մեքենաների ճակատագիրը հարցականի տակ է, քանի որ այլեւս չեն կարող ներկրվել, մինչդեռ գնվել են մինչեւ կառավարության կողմից արգելքի որոշումը»,-նշեց Արտաշես  Հարթենյանը: Թե քանի նման ավտոմեքենայի մասին է խոսքը, Արտաշես Հարթենյանի խոսքով՝ միայն մեկ ներկրող ընկերության տվյալներով՝ 900: «Բայց նաեւ այլ ընկերություններ ու անհատներ կան, որոնք եւս ձեռք են բերել աջ ղեկով մեքենաներ, ուստի մենք առաջարկել էինք վերանայել արգելքի ժամկետները»,-նկատեց նա:

Արտաշես Հարթենյանի խոսքով՝ առաջարկներից մյուսը վերաբերում էր աջ ղեկով՝ հիբրիդային եւ էլեկտրական շարժիչով մեքենաներին, որոնց շահագործումը չափազանց քիչ ծախսեր է պահանջում եւ որոնք հնարավորինս քիչ են վնաս հասցնում շրջակա միջավայրին. «Նախորդ տարի հոկտեմբերին վարչապետը հայտարարեց, որ նման մեքենաներն ազատվում են մաքսավճարից, մինչդեռ կառավարության արգելքը նաեւ այդ մեքենաներին է վերաբերում»:

Աջ ղեկով մեքենաների վարորդները չբացառեցին, որ իրենց պայքարն իրավական դաշտ կտեղափոխեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ