Աջ ղեկով մեքենաների արգելքի օրենքն ԱԺ-ում է. «Ելքն» առաջարկել է ձախ ղեկով մեքենաների մաքսատուրքը 1.5 մլն-ով իջեցնել

Աջ ղեկով մեքենաների արգելքի օրենքն ԱԺ-ում է. «Ելքն» առաջարկել է ձախ ղեկով մեքենաների մաքսատուրքը 1.5 մլն-ով իջեցնել

Այսօր «Ոչ թանկացումներին» երթի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու հարցը բերել են քննարկման. «Դաշինքի որոշմամբ ես դեմ եմ քվեարկել: Եթե արգելում են մարդկանց աջ ղեկով մեքենա վարել, իսկ աջ ղեկով մեքենաներ ավելի էժան են, քան ձախ ղեկովները, այսօր այդ գումարով մարդը կարողանում է առնել աջ ղեկով 2015, 2016 թվի մեքենա: Երբ որ դու արգելում ես, ինքը այդ գնով պիտի առնի 2005, 2006, 2007 թվի ավելի հին ձախ ղեկով մեքենա, որը վարելը անհամեմատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաները, որը էկոլոգիային անհամեմատ ավելի մեծ վնաս է տալու, քան աջ ղեկով նոր մեքենան»:

Արամ Սարգսյանն ասաց, որ եթե աջ ղեկով մեքենաների վրա արգելք դրվի, դա տնտեսության, ՀՆԱ-ի առումով ծանր բեռ է լինելու ընտանիքի վրա. «Շաբաթը մեկ հին մեքենան խարաբ է լինելու, տանելու են սարքեն: Հետեւաբար, սա միանշանակ վնասակար է: Տնտեսության այս պայմաններում չի կարելի նման օրենք բերել»:

Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը նոր առաջարկ է արել՝ մինչեւ 5 մլն արժողության բոլոր ձախ ղեկով ներկրվող մեքենաների վրա սահմանի մուտքի մոտ մաքսատուրքի գանձումը նվազեցնել 1- 1,5 մլն-ի չափով. «Հնարավորություն տվեք, որ մարդը նույն գնով ձախ ղեկով մեքենա առնի, հակառակ դեպքում այս օրենքը սխալ օրենք է ու սխալ տեղ եք բերել»:

Արամ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովում պատրվակ են բերել ԵՏՄ անդամակցությունը, որը պարտադրում է, որ սահմանի վրա մաքսատուրքերը պետք է նույն չափի լինեն: Այդ դեպքում առաջարկվել է, որ ԱԱՀ-ից պակասեցնեն կամ այլ տեղերից: Արամ Սարգսյանը խոստացավ, որ այդ ուղղությամբ իրենք աշխատելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ