Բազմազավակ հայրերը դժգոհ են իրենց առնչող օրենքի նախագծից

Բազմազավակ հայրերը դժգոհ են իրենց առնչող օրենքի նախագծից

«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով տրվող որոշ արտոնություններ բազմազավակ հայրերի սրտով չեն: Մարտիկ Մելքոնյանը Հայաստանում ամենաերիտասարդ բազմազավակ հայրն է, ինչպես ինքն ասաց՝ առայժմ 14 երեխաների հայր է:

Այսօր «Հայելի» ակումբում Մելքոնյանը բազմազավակ ընտանիքներին օգնելու համար պետությանն առաջարկեց, ըստ իրեն՝ ավելի շոշափելի եւ արդյունավետ տարբերակ: Օրենքի նախագծով բազմազավակ ընտանիքներին արտոնյալ պայմաններով, ավելի կոնկրետ՝ ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն է տրվում: Սակայն Մարտիկ Մելքոնյանը կարծում է, որ այս ընտանիքները չեն կարող վարկերի տակից դուրս գալ:

«Օրենքի նախագծում գրված է՝ 4 եւ ավելի երեխաներ ունեցող 7400 ընտանիք կա, որից 6300-ը նպաստ համակարգում է գրանցված: Մենք առաջարկել ենք 4 երեխա ունեցող ընտանիքը ստանում է 50 հազար դրամ նպաստ, դա բազմապատկելով 6300-ին ստանում ենք մոտ 3 մլրդ 750 դրամ: Եթե դրա վրա նույնքան էլ ավելացնենք՝ կարող ենք յուրաքանչյուր երեխային տալ 25 հազար դրամ գումար: Եվ այդ 6300 ընտանիքը նպաստ համակարգից կարող է հանգիստ դուրս գալ: Պետք է այս ընտանիքներին տալ ինքնուրույնություն, հնարավորություն տան, որ ինքնուրույն աշխատանք ունենան: Պետությունը պետք է ընտանիքին օգնի բիզնես-ծրագրեր իրականացնեն, ու գնան ինքնաապահովման, ու նպաստից ազատվեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսին ներկա «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանն էլ կարծիք հայտնեց, որ կառավարության ծրագրով ռիսկային է բազմազավակ ընտանիքներին վարկի տակ դնելը, այդպես օգուտ չեն տա այդ ընտանիքներին. «Եթե վարկ են տալիս, ապա մի քանի արտոնյալ ժամկետ տան՝ տոկոսները չվճարեն, հետո երբ ոտքի կկանգնեն, շահույթ կունենան, նոր տոկոսները վճարեն ու դառնան հարկատու: Օրենքի ուժով պետք է սա կարգավորվի, որ բանկը արտոնյալ վարկ է տալիս»:

Մանրամասն՝ տեսանյութում

7 երեխաների հայր Արմեն Մարկոսյանն էլ նկատեց՝ եթե կառավարությունը խոսում է ծնելիությունը խթանելու մասին, ապա իրենց առաջարկները պետք է հաշվի առնվեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ