Գյուղացիներին հորդորել են հողերը չմշակել, ջուր չկա

Գյուղացիներին հորդորել են հողերը չմշակել, ջուր չկա

Գյուղապետերն էլ վստահեցնում են՝ ոռոգման խնդիր չի լինի

Մինչ քաղաքաբնակներն ուրախանում են տաք ու չոր ձմեռով, հողագործ գյուղացիները տագնապած են՝ տեղումներ գրեթե չեն եղել, ինչպե՞ս են ոռոգելու դաշտերը:
Չնայած առջեւում դեռ մարտ ամիսն է, փետրվարն էլ չի ավարտվել, ու կարելի է ասել՝ հույսն էլ չի մարել տեղումներ լինելու, սակայն Արմավիրի մարզի մի քանի գյուղերի հողօգտագործողներ մտահոգված են: Առանց այն էլ այս մարզի շատ գյուղեր նույնիսկ ձնառատ ու անձրեւաշատ տարիներին են ոռոգման խնդիրներ ունենում: Այստեղ նախ՝ ջուրն է, հետո՝ հացը, այստեղ ջուրը միշտ չի հերիքում, շատ հողեր կամ ջրից «չեն կշտանում», կամ ջրին «կարոտ են» մնում:

Արմավիրի մարզի Արազափ, Վարդանաշեն, Մրգաշատ եւ Զարթոնք համայնքների մի խումբ գյուղացիներ «Առավոտին» պատմեցին, որ գյուղապետարաններից իրենց զգուշացրել են՝ ջուր չի լինելու, հողերը ամբողջությամբ չմշակեք: Գյուղացիներից մեկն էլ վստահեցրեց, թե գյուղապետարանի պատին անգամ նման հայտարարություն են փակցրել: «Խորքային հորերն էլ ցամաք են, խփում ենք՝ ջուր չի գալիս: Մեր մոտերը ջուրը միշտ պակաս ա: Էս տարի էլ աչքիս՝ երաշտ ա: Որ գյուղապետերին հարցնում ենք՝ բա ի՞նչ ա լինելու, ո՞նց ենք ջրելու, ասում են՝ Աստված՝ առաջ»:

Օրերս էլ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էր ասել՝ Հայաստանի ջրամբարները ներկայումս լցված են 24%-ով. «Բայց մենք հույս ունենք, որ եղանակը լավ կլինի, հիդրոմետը խոստանում է, որ փետրվարի 2-րդ կեսը, մարտը լինելու են բավականին անձրեւաշատ, եւ այդ անձրեւների շնորհիվ գոնե հնարավոր կլինի մեղմացնել իրավիճակը»: Հարությունյանը նաեւ վստահեցրել էր՝ եթե անձրեւ էլ գա, ամբողջությամբ ջրամբարները չի լցնի, բայց գոնե կխոնավացնի հողը. «Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ։ Եթե այս սցենարով շարունակվի եղանակը, Սեւանից ջրի բացթողումն անխուսափելի կլինի»:

Հարությունյանը չորացած հողերի օրինակ է բերել՝ նշելով, որ օրեր առաջ Շիրակի մարզում տեղացած ձյան 10-15 սմ ծածկույթը գրեթե անհետացել է, քանի որ հողն անցած տարվա ընթացքում այնքան է չորացել, որ կլանում է ամբողջ խոնավությունը, հալված ձյունը շատ արագ գոլորշիանում է նաեւ անոմալ ջերմ եղանակի պատճառով։
Չնայած այս ամենին՝ մտահոգված գյուղացիների համայնքների ղեկավարները վստահեցնում են՝ ոռոգման խնդիր չեն ունենա:

Արմավիրի մարզի Արազափ համայնքի գյուղապետ Մանվել Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց գյուղում ոռոգման խնդիր չի լինի: Գյուղացիների մտահոգություններին էլ այսպես արձագանքեց. «Դե, մտահոգված են, դո՞ւք պիտի մտածեք դրա մասին: Ես էլ եմ մտահոգված: Ով չի հասկացել՝ ինչի մասին է, հրավիրում եմ ինձ մոտ, բացատրում եմ: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ ա, ունենք խորքային հորեր, կոռոգենք մեր այգիները: Մեր ժողովուրդը «պանիկայի» մեջ ընկած չի: 2-3 հատ հորեր սպասարկում ենք, հերիք կանի, արխային»:

Ինչ վերաբերում է հողերը ամբողջությամբ չմշակելու մասին պաշտոնական հայտարարությանը, գյուղապետն ասաց. «Մենք նման բան չենք հայտարարել: Սրիկա կլինի էն գյուղապետը, որ նման հայտարարություն կանի: Չկա, չկա նման բան»:

Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանն էլ ասաց, որ ոռոգման խնդիր այս համայնքում ընդհանրապես չկա:

Հողերը չմշակելու գյուղապետերի հորդորի մասին էլ Մանուկյանն ասաց. «Ես պաշտոնապես ոչ մեկին ոչ մի բան չեմ հայտարարել: Եթե մեկը ասել է՝ մեզ մոտ ձեւ չի: Մեր համայնքը ամբողջապես խորքային հորերի վրա է, ոչ մեկը չի ասում, որ ջուր չի լինելու»:

Այն, որ գյուղացիներն ասում են՝ խորքային հորերն էլ ցամաքել են, ջուր չկա, Մանուկյանն այսպես արձագանքեց գյուղացիներին. «Ցավդ տանեմ, ես որ համայնքի ղեկավար եմ, մի մտածեք, որ թեւերս փռում եմ հարցի վրա: Խնդիրն էն ա, որ մենք ունենք չոռոգվող հատված, 20 տարի չի ոռոգվել, դա ոչ համայնքի, ժողովրդի հողերն են, ռեզերվնի հողեր են: Ցավդ տանեմ, գյուղաբնակների հողակտորների վրա հողային հունով են մեր առուները: Ասեն՝ սա է խնդիրը, էս հարցին լուծում տանք, ոչ թե՝ ջուր չկա, էդի աբսուրդ ա: 3 կիլոմետրանոց հողային առվի հուն ունենք, վրեն 4 հատ խորքային հոր ունենք ու խնդիր չունենք ոռոգման: Ամեն գարունը բացվելուն, դե կա մտավախություն՝ կարո՞ղ ա ջրի պակաս լինի»: Այնուամենայնիվ, Մանուկյանը վստահեցրեց՝ Վարդանաշեն համայնքի խորքային հորերի հաշվին ոռոգման խնդիրը 90%-ով լուծված է:

«Ո՞վ ա ասել, էտենց բան չկա, «մուտիլովկա» ա»,- այսպես արձագանքեց Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանը հողերը չմշակելու գյուղապետերի հայտարարության մասին: Այս գյուղապետն էլ վստահեցրեց, որ խորքային հորերով գյուղի մշակելի հողատարածքներն ամբողջությամբ ոռոգվում են:

«22 խորքային հոր ունենք: Ախուրյանի ջրամբարի հետ կապված խնդիր կա, բայց մենք էլ խորքայն հորեր ունենք, դրանցով ենք ջրում»: Այդուհանդերձ, Դանիելյանը խոստովանեց, որ ոռոգման սեզոնին խնդիրներ լինում են. «Դե, հըմի սաղ Արմավիրում ոռոգման խնդիր միշտ էլ կա»: Ինչ վերաբերում է եղանակային անբարենպաստ պայմաններին ու գյուղացիների տագնապին, գյուղապետն ասաց. «Ընչի՞ Աստծուց առաջ ընկնենք, կարող ա անձրեւներ լինեն: Չլինեն էլ, խորքային հորերով կջրենք: Գյուղի մի հատվածում խնդիր կա, չի հերիքում, կսկսենք 2 հատ էլ հոր փորել»:

Զարթոնքի գյուղապետը մինչեւ ուշ երեկո մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, ուստի չկարողացանք նրանից պարզաբանում ստանալ:
Իսկ գյուղապետերի այս պարզաբանումներին ու վստահեցումներին մեզ դիմած գյուղացիներն այսպես արձագանքեցին. «Կուշտն ի՞նչ իմանա սովածի հալը: Տենց էլ պիտի ասեին»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.02.2018