«Լիսկային չսիրելը ուրիշ բանից է,  ինքը համը հանել է հետո»

«Լիսկային չսիրելը ուրիշ բանից է, ինքը համը հանել է հետո»

Պատերազմի մասնակիցները՝ Սուրիկ Խաչատրյանի մարտական ուղու, որդիների
եւ այն մասին, թե ինչպես նրա կինը 92-ից հետո հաց չի դրել իրենց առաջ

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ուզեցել է գումարտակի հրամանատար դառնալ, բայց 10 հոգի չի կարողացել հավաքել: Շիրխանյանի պատմելով՝ դա եղել է այն ժամանակ, երբ Գորիսում բավականին լարված իրավիճակ է եղել, Լաչինը դեռ ազատագրված չի եղել, Խնձորեսկում լարված պատերազմական գործողություններ են ընթացել: Ըստ նրա՝ Սուրիկ Խաչատրյանը մոտեցել է իրեն եւ 300 հատ զենք ուզել: Նա ասել է՝ տվեք ինձ Գորիսի Ճանշինի շենքը, շատ հարմար է այնտեղ, ես գումարտակ եմ հավաքում, 300 հոգի կհավաքեմ: Սակայն չի կարողացել հավաքել: Վահան Շիրխանյանն ասել էր, որ որպես գումարտակի հրամանատար էլ Խաչատրյանը չի կայացել: Շիրխանյանն արդեն հրաման է ստորագրած եղել՝ Սուրիկ Խաչատրյանին գումարտակի հրամանատարի պաշտոն տալու, բայց տեսնելով, որ նա 10 հոգի էլ չի կարողացել հավաքել, հրամանը զայրացած պատռել է ու դեն նետել:

Հետագայում այս դրվագը Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցները եւ մեզ հետ զրույցում նաեւ Սուրիկ Խաչատրյանը հերքեցին: «Առավոտը» Արցախյան պատերազմի մասնակից, «Սիսական» ջոկատում կռված գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանից եւ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովից ճշտեց՝ ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, եւ Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ ավանդ է ունեցել պատերազմում:

Վովա Վարդանովն ասաց. «Լիսկան ամենաառաջին կամանդիրներից մեկն էր, որոնց մի մասը սովորություն ուներ ունենալու տեղակալ՝ դաշտային հրամանատար: Իրենք ասես հրամանատար են, բայց ստեղ են, իսկ սահմանին ուրիշ հրամանատար է: Այդպես ֆիդայի Վահանն էր՝ Մալաթիայի Վահան Զատիկյանը: Ինքը շատ քիչ է եղել, ճիշտ է, մասնակցել է Ազատի բոյին, որը փառապանծ հաղթանակ էր՝ 17 հոգով 300-ից ավելի թուրքեր են հետ շպրտել՝ 100-ից ավելի խոցելով: Սուրոն էլ էր տենց, Մինասյան Աշոտն էլ: Ես ինչի համար եմ շատ սիրում Մինասյան Աշոտին, ինքը էն տղերքից է, որ եթե մի բան ասում է՝ գնացեք արեք, հետեւից գնում է: Ինքը բոյեվոյ կամանդիր էր»:

Վոլոդյա Հովհաննիսյանն էլ հավելեց, որ «Ազոյան Վովայի դերակատարումն էլ շատ մեծ էր, բայց կռվի դաշտում չէր լինում, ընդհանուր կազմակերպում էր, գալիս էր, հանձնարարություն տալիս էր, գնում էր, իսկ տեղում հրամանատար էր Աշոտը, բայց դա չի նշանակում, որ Ազոյանի կամ Սուրիկի դերակատարումը պակաս էր»:

Վովա Վարդանովի խոսքով՝ «Լիսկային չսիրելը ուրիշ բանից է, ինքը համը հանել է հետո: Ես իրենց տանը հաց եմ կերել, ես իր կնոջ ձեռքից հաց եմ կերել 89 թվին, 90 թվին, 91 թվին, շատ համեստ էր, 92-ին արդեն կինը հաց չդրեց դեմս, հաց դրեց իր տան աշխատողը, հասկանո՞ւմ եք: Ես Սուրիկին լավ եմ վերաբերվում, բայց՝ մինչեւ 92 թիվ: Այ սենց ընտիր էլ ընտանիք ուներ, ոնց էդ տղուն փչացրեց, ես չգիտեմ… Շրջապատը փչացրեց երեխուն, էնքան համը հանին որ, շատ լավ երեխա էր, իրոք, լավն էր»:

Վոլոդյա Հովհաննիսյանը միջամտեց. «Սուրիկ Խաչատրյանը կռվի տարիներին փառապանծ ուղի է անցել: Նա իրականում շատ կարեւոր դերակատարում է ունեցել»:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդիներին, եղբորորդիներին, որոնց դեմ քրգործեր են հարուցվել ու կարճվել կամ դատապարտվել են եւ ազատվել են նախագահ Սերժ Սարգսյանի ներմամբ, Վոլոդյա Հովհաննիսյանը նրանց այսպես արդարացրեց. «Երբ Գորիս գնաք, Գորիսում չեք պատկերացնի՝ ինչ է, Գորիսում ամենահամեստ երեխեքն իրենց երեխեքն են, հավատացեք»:

Մեր զարմանքին, որ բոլորն ուրեմն ավելի վա՞տն են, քան Սուրիկ Խաչատրյանի որդիներն ու եղբորորդիները, գնդապետը պատասխանեց. «Գորիսում գիտե՞ք ինչ երեխեք կան, գիտե՞ս Գորիսում երեխեքն ինչով են հպարտանում՝ ով է կարողացել բանտի պատից գրեֆ ներս գցել: Գորիսում բանտը բոլորին դարձնում է այլ, դա ուրիշ հոգեբանություն է»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

09.02.2018