Պարականոն կենսագրություն

Պարականոն կենսագրություն

Եվ քանի որ հալածվածը, ճնշվածը առավել մեծ է եւ ավելի ուշադիր, քան հալածողը, ուրեմն Զաքյան փողոցի մայթեզրի իմ հրաշալի ծառը պիտի որ ապրեր անպայման, չնայած որ մի օր, չասեմ միտումնավոր, թերեւս պատահաբար, աշնանամուտի չորացած խոտերին նետված մի ծխախոտով կրակի բաժին դարձավ: Եվ տղայիս հետ պատշգամբում կանգնած` ես տեսա, թե ինչպես է վառվում իմ ծառը, բայց ափսոս, չհասցրեցինք փրկել:

Դա անշուշտ Մովսեսի ծառը չէր, որովհետեւ հետո ձմեռ եկավ: Իսկ բացվող գարնան մեջ, երբ մյուս ծառերը կանաչ սաղարթներով շարունակում էին իրենց արմատների կենսագրությունը, իմ ծառից հետք անգամ չէր մնացել: Բայց երեւի ես համառ մարդ եմ. մոտավորապես հիշելով ծառի տեղը` դանակով փորեցի կարծրացած հողը, եւ զարմանալի բան` տեսա իմ ծառի արմատը, որ կարծես թե մի այլ կյանքում արդեն տեսել էի:
Ու սկսեցի կանոնավոր անհուսահատությամբ ամեն օր ջրել թվացյալ չորացած արմատը: Եվ երբ արդեն մայիսի սկիզբն էր, տեսա կանաչ, դողդոջուն, անօգնական առաջին շիվը: Ու դա մոռացությունից հայտնված իմ ծառն էր, քանի որ ոչ մի մարդ հասու չէ ոչնչացնելու ծառի անցյալը, ինչպես որ հնարավոր չէ մոռացության տալ ազգերի անցյալը, եթե դա մի օր չանի ազգը ինքը…

Հաստատ տարօրինակ ամիս է մայիսը, երբ շարունակական կայծակների ու անձրեւների մեջ հստակ տեսնում ես եւ եզրակացնում, որ ներքեւները վերեւների արտացոլանքն են ընդամենը, եւ հասկանում, որ անցյալը անպայման ապագա ունի, եթե քո հիշողությունը անցնող ու անվերադարձ օրերի մեջ մաշվող կավի հետ ջրերը չեն տարել: Եվ քեզ համար պարզվում, հստակվում է, որ դու մի մեծ երազի անտեսանելի ծվենն ես ընդամենը, իսկ Երազողը անվախճան է, որի դեմքը երբեք չես տեսնի դու:

Ժողովուրդների կյանքը, ինչպես եւ ցանկացած մահկանացուի, անվերջ կրկնում են Սիզիփոսի օրինակը, որ իրենց բախտի քարի հետ շարունակ ձգտեն ու չհասնեն գագաթին, բայց չհուսահատվեն բարձրանալ, քանի որ կանգառը մահ է, միայն թե չասենք, թե դա Աստծո անտարբերությունն է…

Երբ Կյուրոս Մեծը պարսկաբնակ տարածքները մաքրեց մեդացիներից եւ ստեղծեց պարսկական պետությունը, նրա զինվորները, ապավինելով իրենց ուժին, խնդրեցին թագավորին, որ գրավեն, գաղթեն մի այլ երկիր, որտեղ լեռներն ու քարերը քիչ են, իսկ հողը` բերրի: Կյուրոսը նրանց պատասխանեց.

– Ուզում եք ապրել մեր հայրերի երկրում եւ լինել տեր, ղեկավարե՞լ, թե՞ օտար փափկության մեջ լինել ենթակա եւ ձեզ ղեկավարեն:

Եվ պարսից զինվորները ընտրեցին իրենց աղքատ լեռները` հասկանալով, որ իր արմատը չկորցրած եւ բարոյական կերպը չխաթարած ցեղը անկանգ կշարունակի իր երթը` միշտ հիշելով, որ ոչ միայն բարոյալքված հեծյալը, այլեւ նրա ձին անգամ չի կարող երկար արշավել, քանի որ ձիու ականջները կսառեն, իսկ դա նշանակում է ճանապարհի վերջը:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

09.02.2018