Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող

Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող

Քաջարան քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում սովորողների հանդեպ հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպքեր են գրանցվել: Դպրոցի աշակերտների փոխանցմամբ՝ որոշ ուսուցիչներ կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս նրանց, նույնիսկ հարվածում:

«Ամենաշատը լարված ենք լինում հայոց լեզվի ուսուցիչ Անահիտ Ոսկանյանի դասերին: Թելադրություններն ու շարադրությունները ցածր է գնահատում. ասում է՝ պետք է սկսենք մասնավոր պարապել, որ բարձր գնահատական ստանանք: Դե, բոլորս էլ գիտենք, որ իր մոտ պետք է պարապենք: Կիսատ արված տնային աշխատանքի դեպքում այնպես է հրել աշակերտին, որ նա ընկել է գետնին»,- պատմում են աշակերտները:

«Մեր օրերում ֆիզիկական բռնության քիչ դեպքեր են գրանցվում դպրոցներում, բայց արդիական խնդիր է մնում հոգեբանական բռնությունը, քանի որ սա առավել բարդ է վերացնել դպրոցներում, մասնավորապես՝ մանկավարժությունից հեռու գտնվող  «ուսուցիչների» աշխատելաոճից: Հոգեբանական բռնությունը ճգնաժամային տարիքում գտնվող ցանկացած մարդու մոտ կարող է ունենալ անդառնալի հետևանք: Այս տարիքում առաջատար գործունեությունը համարվում է հաղորդակցումը, որը պետք է կազմակերպվի առանց ավելորդ սթրեսների և ճնշումների: Ուսուցչի նման պահվածքը կարող է բերել երեխայի ուսումնական գործընթացի խաթարման, ձգտման անկման, ցածր ինքնագնահատականի, հաղորդակցման դժվարությունների, գերհուզականության»,-ասում է հոգեբան, արտ թերապևտ Սոֆյա Հովսեփյանը:

«Հայոց պատմության ուսուցչուհի Նելլի Մելքումյանը դասարանում ունի իր «սիրելիներին»: Ինձ ամենաշատը դա է բարկացնում: Եթե իր սիրելի աշակերտը գրավոր աշխատանքը չի կատարել, ուսուցչուհին «այս անգամ զիջելով» նշանակում է 9, իսկ եթե ես մի օր չանեմ տնայինս կամ մոռանամ տետրս, 2 կստանամ»,-պատմեց մեկ այլ դասարանի աշակերտ: Այնուհետև հավելեց. «Նա մի անգամ հարվածեց մեր դասարանի տղաներից մեկին բոլորիս աչքի առաջ: Հենց գալիս են դասալսման, նա մեզ հետ սկսում է նուրբ ու սիրալիր վարվել: Բայց բոլորս էլ գիտենք, որ բողոքելն իմաստ չունի. մեկ է՝ նա չի պատժվելու»:

Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը փաստում է, որ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ բռնությունից պաշտպանվելու իրավունք: Այս իրավունքը ոտնահարել և նրան ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկել փորձող ցանկացած անձ պետք է պատասխանատվություն կրի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Մաթեմատիկայի ուսուցչուհի Վիկտորյա Հայրապետյանը գրատախտակի մոտ երկար մտածելու ժամանակ չի տալիս, մի քանի անգամ հարվածել է և′ տղաներին, և′ աղջիկներին՝ պատասխանը չիմանալու կամ սխալ գրելու համար: Այդքանից հետո չեմ էլ ուզում դպրոց գնալ: Ես միշտ ձգտում եմ չբողոքել, սիրել ուսուցչին, որովհետև այդ դեպքում առարկան էլ կսիրեմ: Բայց մեկ-մեկ չբողոքել չի ստացվում»:

Աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ ուսուցիչների վերաբերմունքի պատճառով երեխան օրվա մեջ լարված է լինում, ագրեսիվ: Չի ցանկանում սովորել դասերը և դպրոց գնալ:

Aravot.am-ը զրուցեց Անահիտ Ոսկանյանի հետ: Նա պնդեց, որ երբևէ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն ոչ մի աշակերտի վրա չի գործադրել: Ինքը չի դրդել նաև, որ գնան իր մոտ պարապմունքների. «Ես սիրում եմ իմ աշակերտներին, իմ դասերին բոլորը հանգիստ են և միշտ փորձում եմ նրանց հոգեբանորեն հասկանալ»:

Կապ հաստատեցինք նաև Նելլի Մելքումյանի հետ: Նա հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: Իսկ Վիկտորյա Հայրապետյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ կատակով երեխային թեթև հրելը չի կարելի համարել բռնություն: Ինքը բոլոր աշակերտներին շատ է սիրում, հույս ունի՝ դա փոխադարձ է: Հոգեբանական բռնություն երբևէ չի գործադրել:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո մեր աղբյուրներից մեկը հեռախոսազանգով պարզաբանեց, որ ինքը, ասելով, թե Վիկտորյա Հայրապետյանը հարվածում է և′ աղջիկներին, և′ տղաներին, չափազանցրել է: Այսպիսի բան իրականում չկա, Վ. Հայրապետյանը իրենց վրա միայն կատակով է բարկանում: