Արմեն Ամիրյանը՝ պարարվեստի գործիչներին. «Ավելի կարևոր է մե՛ր երկրում հանդիսատեսին գոհացնելը»

Արմեն Ամիրյանը՝ պարարվեստի գործիչներին. «Ավելի կարևոր է մե՛ր երկրում հանդիսատեսին գոհացնելը»

Նախարար Արմեն Ամիրյանը խորհրդական Արսեն Գրիգորյանի, փոխնախարար Արթուր Պողոսյանի և աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ նախարարությունում այսօր հյուրընկալել էր Հայաստանի պարարվեստի գործիչներին, որոնք տարիներ շարունակ «իրենց ուսերին են տարել այս արվեստը», և որոնք այսօր բարձրաձայնեցին, որ առաջին անգամ են նման լուրջ ուշադրության արժանանում, և որ այս հանդիպմանը երկար են սպասել։

Նախարարը պատրաստակամությունը փոխանցեց լսելու նրանց առաջարկները, քննարկելու դրանք, իսկ լավագույններն իրականացնելու։

Տեղում արդեն իսկ երկուստեք առաջարկներ և խոստումներ եղան։ Հայաստանի մարզերի քաղաքներում պրոֆեսիոնալ պարախմբեր ստեղծելու դեպքում նախարարությունը պատրաստ է աջակցել մեկ տարի. պատմամշակութային հուշարձաններում պարախմբերի համերգների համար նախարարությունը պատրաստ է տարածքն անվճար տրամադրել, իսկ տոմսերից գոյացած հասույթը նրանք կարող են օգտագործել ըստ պահանջի և այլն։ Առաջարկներ հնչեցրին նաև հյուրերը։

Լսելով արտասահմանյան հյուրախաղերի մասին, նախարարն ասաց.

«Մեզ համար, իհարկե, կարևոր է, որ մեր պարախմբերն արտասահմանում հաջող ելույթներ ունենան, բայց շատ ավելի կարևոր է ներսո՛ւմ հաջողությունը. պետք է առաջին հերթին գոհացնել մոտ երեք միլիոնանոց հայաստանյան մեր հանդիսատեսին. դա եթե ստացվի, դրսի հաջողությունն ինքնին կստացվի»։

Նախարարը շեշտեց, որ պարարվեստի՝ Երևանում կուտակված հարստությունը պետք է ուղղել մարզեր, հեռավոր համայնքներ և դեպի Արցախ։

«Պահանջարկն է ձևավորում առաջարկը» տնտեսագիտական բանաձևը պետք է մոռանալ արվեստի, այդ թվում՝ պարարվեստի դեպքում.

«Մե՛նք ենք ձևավորելու պահանջարկը՝ հիմնված ազգային բարձր արժեքների վրա»,- ասաց Արմեն Ամիրյանը։

Նախարարը վերջում ներկաներին հորդորեց մասնակցել կազմակերպվելիք՝ Պարարվեստի փառատոնին, առաջարկներ ու գաղափարներ ներկայացնել.

«Մեր դռները բաց են բոլորի առջև ու պատրաստ ենք աջակցել բոլորին»։

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին