Փհենչանում Հայաստանի դահուկորդները մտադիր են բարելավել անձնական արդյունքները

Փհենչանում Հայաստանի դահուկորդները մտադիր են բարելավել անձնական արդյունքները

Հայաստանի դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը Ձմեռային օլիմպիական խաղերում մեկնարկելու են փետրվարի 13-ին: Իսկ մինչ այդ, նրանք մարզվում են օլիմպիական մրցուղիներում:

Aravot.am-ը Փհենչհանում գտնվող մեր գործընկերներ, լրագրող Խաչիկ Չախոյանից եւ ֆոտոլրագրող  Ասատուր Եսայանից հետաքրքրվեց, թե ինչ տրամադրություն ունեն մեր մարզիկները:

«Խաղերի բացմանը Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Միքայել Միքայելյանը հպարտություն է զգում, որ դրոշը տանելու պատիվն իրեն էր վստահվել: Միքայելը մտադիր է Փհենչհանում անել ամեն բան հնարավորինս լավ արդյունքի հասնելու համար: Ճիշտ է, նա դեռ երիտասարդ է եւ օլիմպիական խաղերին առաջին անգամ է մասնակցում, սակայն մարզումները ցույց են տալիս, որ կկարողանա հաջող մասնակցել: Միքայելը դեռ մեկ խնդիր ունի. դեռևս լիովին չի հարմարվել ժամանային գոտուն: Բայց մինչեւ մեկնարկ այդ խնդիրը կլուծվի:

Կատյա Գալստյանը նույնպես ակտիվ մարզվում է: Սա նրա երկրորդ օլիմպիական խաղերն է: Սոչիում Կատյան դասական 10 կմ մրցատարածությունում զբաղեցրել էր 64-րդ հորիզոնականը: Հիմա համոզված է, որ բարելավելու է իր ցուցանիշը», – տեղեկացրին մեր գործընկերները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանի