«Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց ՀՀ-ն պետք է ներդրողի ներկայացնի». Իրանի դեսպան

«Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց ՀՀ-ն պետք է ներդրողի ներկայացնի». Իրանի դեսպան

«Առաջիկայում Իրանից պատվիրակություն է այցելելու, որը փորձելու է վերջնական տեսք տալ այդ ծրագրին: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք»,-ԵՊՀ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու հունվարի վերջին Մեղրիի ՀԷԿ-ը չգործարկվեց, ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

«Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»-վստահեցրեց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մարտին նախատեսվելիք Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածի հնարավոր գործարկումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-Իրան երկաթուղու՝ դեռեւս թղթի վրա մնացած ծրագրի վրա, դեսպանն այսպես արձագանքեց. «Դուք ապրում եւ սնվում եք ձեր տանը, ի՞նչ նշանակություն ունի, թե հարեւան երկրում ինչ են անում եւ ինչ են ուտում: Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրողի ներկայացնի: Համատեղ ներդրումներ են հարկավոր: Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ