Վերժինե Մովսիսյան. «Հրանտն ասաց, Վերժուկ, մի երազ եմ տեսել` ես, Թումանյանը, Տոլստոյը մեր գյուղի գերաններին նստած էինք»

Վերժինե Մովսիսյան. «Հրանտն ասաց, Վերժուկ, մի երազ եմ տեսել` ես, Թումանյանը, Տոլստոյը մեր գյուղի գերաններին նստած էինք»

Փետրվարի 12-ին` Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը, գրողի հարազատները, գրականության գնահատողները, մտավորականներ ու հասարակական գործիչներ հավաքվել էին Կոմիտասի անվան Պանթեոնում:

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը եւ Հայաստանի գրողների միությունը հերթական անգամ շնորհեց Մաթեւոսյանական մրցանակը: Այս անգամ մրցանակակիրը ԵՊՀ պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանն էր:

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ, որ այս մրցանակը ինձ է հանձնվում, շնորհակալություն, որ այդ մրցանակը ինձ հանձնվում է այստեղ` Հրանտի ներկայությամբ եւ ոչ միայն Հրանտի, այլեւ նրա բոլոր հարազատների, որոնք հողի տակ են, այսինքն՝ հայ դասական բոլոր այն գրողների, որոնցից մի մասի հետ նա մտերիմ էր, մի մասին պատկառում էր, ակնածում նրանց ստեղծագործություններից, որոնց մի մասի ստեղծագործությունն իր համար հիմք դարձավ հետագա ստեղծագործության համար»,-ասաց Վազգեն Գաբրիելյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Հրանտ Մաթեւոսյանի մասին, նշեց. «Մեր վերջին 50 տարվա գրողներից Հրանտ Մաթեւոսյանը իր խորը հետագիծն է թողել ընթերցողների, գրականություն սիրողների, գնահատողների հոգիներում, ֆիլմերով, գրքերով, այդ ամենը շարունակվելու է: 10 տարուց ավելի է՝ Գրողների միությունը մրցանակ ունի հիմնադրած Հրանտ Մաթեւոսյանի անվան, որը եւ արձակի անվանակարգում է տրվել, եւ Հրանտ Մաթեւոսյանի գրականության ուսումնասիրողներին: Ամեն տարի մրցանակը տրվում է անվանի դեմքերից մեկին եւ այս տարի մրցանակի է արժանացել իր պատանեկական տարիների ընկեր Վազգեն Գաբրիելյանը, նրանք նույն շրջանում են սկսել իրենց մուտքը գրականություն»:

Հրանտ Մաթեւոսյանի տիկինը` Վերժինե Մովսիսյանը, Հրանտ Մաթեւոսյանի երազը պատմեց. «Մի օր Հրանտն ասաց` Վերժուկ, էնպիսի մի երազ տեսա, ասում եմ` ի՞նչ երազ: Պատմում է. «Մեր գյուղի գերանների վրա նստել էինք` ես, Թումանյանը, Տոլստոյը: Մեկ էլ Տոլստոյը վեր կացավ ու գնաց: Թումանյանն ասաց` այ տղա, էդ ի՞նչ ասեցիր, որ գնաց… Ու զարթնեցի: Դա երազ էր»…Ինքը գիշեր-ցերեկ գրողական կյանքի մեջ էր, երբ առանձնանում էր գրողական կյանքից, էս ու էն առիթով, գալիս էր, ամեն անգամ ասում էր` թու, թու, թու…Այսինքն, ինչ-որ բան այն չէր…Ու եթե 10 օր աշխատում էր, ինքը հիվանդանում էր, լարվում էր ու ընդմիջում չկար, իր համար գիշեր-ցերեկ գոյություն չուներ, ու այդ լարումը ես պետք է ընդհատեի…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ