«Կրթության իրավունքը ոտնահարվում է բոլոր հատուկ դպրոցներում». Բախշյանի ահազանգը

«Կրթության իրավունքը ոտնահարվում է բոլոր հատուկ դպրոցներում». Բախշյանի ահազանգը

Կապանի թիվ 3 հատուկ դպրոցը պետք է ազատվի՝ ծառայելով միայն այդ դպրոցի երեխաներին: ԿԳ փորձագետ Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ հատուկ դպրոցներում վերջին տարիներին երեխաների թիվը ավելանում է ու լուրջ խնդիրներ առաջացնում:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր երեխայի համար դպրոցների տնօրենները լրացուցիչ գումար են ստանում պետությունից, դրա համար նրանց ձեռնտու է երեխաների թվի աճը: «Բացի այդ, սոցիալական վատ պայմաններում ապրող ծնողները իրենց երեխաներին տանում են հատուկ դպրոցներ՝ սնունդ եւ հագուստ ստանալու ակնկալիքով…. Բայց այդ հատուկ դպրոցների պայմանները ինչքանով են այդ երեխաների կարիքին համապատասխան…ուսուցիչը մտնում է դասարան, հայտարարում՝ այսօր գրավոր են գրում տեսնող երեխաները, վաղը՝ չտեսնող երեխաները, կրթության իրավունքը ոտնահարվում է բոլոր հատուկ դպրոցներում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց փորձագետը։

Անահիտ Բախշյանի խոսքով, հատուկ դպրոցներում սովորող շատ երեխաներ նույնիսկ առանձնահատուկ կրթության կարիք չունեն, որովհետեւ ըստ փորձագետի, նրանցից շատերը լիարժեք կարող են հաճախել հանրակրթական դպրոց.

«Ծնողները երեխաներին տանում են հատուկ դպրոց՝ առանց մտածելու, որ իրենց երեխան վաղը ստանալու է փաստաթուղթ, որտեղ դրված է լինելու մտավոր թերզարգացում ունեցողների դպրոցի կնիք… եթե ճիշտ մարմին լիներ աշխատող… բոլոր այն պաշտոնյաները, որոնք իրենց ձեռքերը տաքացնում են այդ երեխաներին կրթության համար հասանելի գումարներով, այդ պաշտոնյաները պետք է մտածեն, որ այդ երեխաները իրենց երեխաներից ոչնչով չեն տարբերվում»:

Անահիտ Բախշյանի համար ամոթ է, որ ներկայումս Հայաստանում հատուկ դպրոց վերնագրով դպրոցներ են գործում, ու նորմալ երեխային տանելով հատուկ դպրոց, կործանում են նրա ապագան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ