«Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի տունը որպես ժառանգություն ստանալու համար եղբայրը դիմել է նոտարին». փաստաբան

«Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի տունը որպես ժառանգություն ստանալու համար եղբայրը դիմել է նոտարին». փաստաբան

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի տունն իսկական կռվախնձոր է դարձել:

Սպանության մեջ մեղադրվող կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի պաշտպանը՝ Նաիրա Պետրոսյանն ահազանգում է, որ սպանվածի տունը որպես ժառանգություն ընդունելու համար տարածքային նոտարին է դիմել նրա եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որը արդեն ամիսներ շարունակ եղբոր սպանության գործով բացահայտումներ է խոստանում, բայց այդպես էլ չի հրապարակում:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը բազմիցս Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբոր գույքի վրա աչք չունի, որովհետեւ ինքն ապահովված է:

«Երբ Նորիկ Սիմոնյանը դիմել է հոր ժառանգությունը ստանալու համար պարզել է, որ Արամ Սիմոնյանը դիմել է նոտարական գրասենյակ՝ խնդրելով կասեցնել գործարքը, եթե նա ժառանգության հետ կապված ակնկալիքներ չունի, ապահովված է, ինչպես ինքն է մամուլով հրապարակում, ինչու է դիմել տարածքի նոտարին ու պալատի նախագահին, որ կասեցվի այդ գործընթացը»,- նման հարցադրում առաջ քաշեց փաստաբան Նաիրա Պետրոսյանը:

Նա նաեւ պատմեց, որ իր պաշտպանյալից տեղեկացել է, որ Արամ Սիմոնյանը վաճառել է հորական տունը, ինչի պատճառով տարաձայնություններ է ունեցել սպանված խորհրդականի հետ ու տան վաճառքից հետո նրանք այլեւս չեն խոսել իրար հետ. «Նրանք այնքան էլ ջերմ հարաբերություններ չեն ունեցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ