Երեք դիտարկում

Երեք դիտարկում

Վարչապետի մոտ «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030 նախագիծը քննարկվելիս ցանկալի կլիներ հաշվի առնել նաև փորձագիտական հանրության տեսակետը: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը քննարկվել է հենց այդ ձևաչափով: Թե չէ՝ անիմաստ է խոսել պետություն – քաղաքացիական հասարակություն այսպես կոչված համագործակցության մասին:

Եվս մի կարևոր դիտարկում:  Տարբեր նախարարություններ այցելելիս, լավ կլիներ, որ վարչապետն անդրադառնար այդ կառույցների ամբողջական գործունեությանը, այլ ոչ՝ դրանց մի մասին:  Այսպես օրինակ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն այցելելիս խոսվեր ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև բնական պաշարների արդյունավետ օգտագործման մասին /չգիտես ինչու վերջինս բարդել են միայն Բնապահպանության նախարարության վրա, Կրթության եւ գիտության նախարարություն այցելելիս մի քիչ էլ անդրադարձ արվի գիտությանը, որին պետբյուջեից ընդամենը կես տոկոս է տրամադրվել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այցելելիս, նպաստների և կենսաթոշակներից բացի, չմոռացվի նաև «Աշխատանք» բաղադրիչը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն այցելելիս՝ անդրադարձ կատարվի նաև երիտասարդների հարցերին ու այդ ոլորտում բացակայող պետական քաղաքականությանը:  Այսպես կարելի է շարունակել…

Ի դեպ, մեր ուսումնասիրությունը վկայում է, որ հնարավոր է առանձին նախարարություններ միավորել, որի արդյունքում՝ կստանանք դրանց քանակի ուղիղ կեսը, բայց առանց գործառույթների կրկնության և ուռճացած աշխատակազմի:

Թաթուլ Մանասերյան