Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը – 1

Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը – 1

Երբ ես գրում եմ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի մասին, ես անդրադառնում եմ 30 տարի առաջ ձեւավորված համաժողովրդական շարժմանը, նրա առաջնորդներին, նրանց փոփոխությանը, նրանց վարքագծին հենց այդ՝ 1988-90 թվականների ընթացքում: Հենց որ ես գրում եմ դրանց մասին, ընթերցողների մի մասը միանգամից հիշում է այն, ինչ եղել է դրանից հետո՝ «բա թալա՞նը», «բա արտագա՞ղթը», «բա մութուցո՞ւրտը»: Նախ՝ հետագա պատմական ընթացքը հնարավոր չէ բնութագրել բացառապես այդ հուզական բացականչություններով: Երկրորդ՝ վերջին տասնամյակում մեծ տարածում է գտնում հետեւյալ հռետորական հնարքը՝ դու գրում ես տանձի մասին, բայց քեզ «հակադարձում են»՝ բա ինչո՞ւ չես գրում խնձորի մասին, ինձ խնձորն է հետաքրքիր, ես խնձորի մասին լիքը հայհոյանքներ ունեմ ասելու: Ունես՝ ասա, ես իմ թեման ունեմ, դու՝ քոնը:
Եվ այսպես, նախորդ երկու հոդվածներում (հոդված 1 եւ հոդված2) ես փորձել եմ ցույց տալ, որ Ղարաբաղյան շարժումն առաջացել էր պատմական անհրաժեշտությունից, եւ դրա դերը մեր նորագույն պատմության մեջ ընդհանուր առմամբ դրական է: Հիմա, ինչպես ես խոստացել եմ, կխոսեմ այն դրսեւորումների մասին, որոնք ինձ դուր չեն եկել:

1/ Շանտաժ, որն ուղեկցում է ցանկացած հեղափոխականության: Եթե դու այսպես ասես, այսպես գրես կամ այսպես վարվես, ես կասեմ, որ դու այսինչն ես կամ այնինչը: Մի համարձակվիր ինձ հակաճառել, հակառակ դեպքում ես քեզ վրա քսի կտամ իմ ադեպտների պատժիչ խումբը: Այդպես էին վարվում «Շարժման տղերքը», այնուհետեւ՝ ԱԺՄ-ն, այնուհետեւ՝ ՀԱԿ-ը (գուցե նաեւ այն պատճառով, որ այդ կուսակցությունների հիմքը կազմում են նույն «տղերքը»), այդպես են վարվում շատ-շատերը: Դա հեղափոխական պայքարի տրամաբանությունն է: Ինձ համար անընդունելի տրամաբանություն:

2/ Սեփական սխալներն ընդունելու անկարողություն: 1988 թվականի հուլիսի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդների մեջ խելահեղ գաղափար էր առաջացել՝ իրենց կողմնակիցների մի մասին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայան: Նպատակը եթե ոչ օդանավակայանի աշխատանքը կազմալուծելն էր, ապա Շարժման ձայնն աշխարհով մեկ ավելի լսելի դարձնելը, ինչի մասին խոսվեց Թատերական հրապարակի հարթակից: Խորհրդային հատուկջոկատայիններն իրենց հատուկ վայրագությամբ հարձակվեցին անզեն մարդկանց վրա, 22-ամյա Խաչիկ Զաքարյանը սպանվեց հրազենից: Մարդկանց օդանավակայան ուղարկելը սխալ էր, բայց հետագայում եւ, որքան գիտեմ, մինչ այս պահը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ոչ մեկն այդ սխալը չէր ընդունել:
3/ Ներքին քաղաքական կյանքում բռնությունը հնարավոր դարձնելը: Խոսքը ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը ջարդելու մասին է: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ