«Նվեր» Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի համար

«Նվեր» Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի համար

Հայկական կողմի շահերից է բխում,
որ Ալիեւը կրի խաղաղ բանակցությունները տապալողի «դափնիները»

Վաշինգտոնն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

Անցած շաբաթը Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար բավական ուշագրավ կարելի է համարել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը նշանավորվեց մի շարք իրադարձություններով:

Նախ` ուշագրավ էր, որ համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկեց Բաքվից՝ փետրվարի 6-ին, որտեղ փետրվարի 7-ից մեկնարկեցին հանդիպումները, ինչը, թերեւս, նշանակում է, որ միջնորդները, նախեւառաջ, Ալիեւից ինչ-ինչ ճշգրտումներ ունեին անելու:

Սակայն առավել ուշագրավ էր, որ մինչ համանախագահների Բաքու ժամանելը՝ փետրվարի 3-ին արդեն Բաքվում էր ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: Նշենք, որ համանախագահների այցի օրերին տարածաշրջանում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը: Բաքվում նրա հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ ԱՄՆ-ի կողմից ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը՝ «ուղղված ՄԱԿ ԱԽ բանաձեւերին համապատասխան ԼՂ հակամարտության արդար կարգավորմանը»։

Ընդգծելով երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությանն առնչվող քաղաքական երկխոսության ընդլայնման կարեւորությունը՝ Բրինքն ասել է, որ ԱՄՆ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, նշել է երկկողմ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Այնուհետեւ Բրինքը շեշտել է, թե որ հարցում են գնահատում «առանձնահատկությունը». բարձր են գնահատում Ադրբեջանի ներդրումն Աֆղանստանում խաղաղարար գործողություններում՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում։ Ամերիկացի պաշտոնյան Բաքվում քննարկել է էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ «Հարավային գազային միջանցքը»։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է՝ Բաքվում նշել է Բրինքը՝ հավելելով. «Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով, եւ հանուն դրա մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»:

Արդյոք Վաշինգտոնը ԼՂ կարգավորման առանձին օրակարգո՞վ է այս փուլում հանդես գալիս: Ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում Թրամփի իշխանավարումից չէր կարելի ակտիվ համարել, սակայն, ըստ ամենայնի, այդ քաղաքականությունը որոշակիորեն փոփոխության է ենթարկվում: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի այցը տարածաշրջան դրա ապացույցն է:

Իհարկե, այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները առանձնակի համախմբվածություն են ցույց տալիս՝ շեշտելով, որ միասնաբար են հանդես գալիս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կողմերի հետ աշխատելիս նրանք «առանձին» ջանքեր չեն կարող գործադրել՝ ունենալով իրենց կոնկրետ շահերը ու կողմերից իրենց ակնկալիքները:

Ամերիկյան հետաքրքրության մեծացումը ինչ-որ առումով դրական է, որովհետեւ վերջին տարիներին Մոսկվայի ակտիվությունը, ՌԴ ղեկավարների հովանու ներքո անցկացվող ղարաբաղյան բանակցությունները, Մոսկվա-Բաքու հարաբերությունների ջերմացումն ու ռազմատեխնիկական համաձայնագրերի «արդյունքը» 2016-ի ապրիլյան պատերազմն էր: Այս տեսանկյունից Մոսկվայի գերակայությանը հակակշռելը կարեւոր է:

«Ինտենսիվ բանակցություններ՝ նախագահական ընտրություններից հետո»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 7-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս վիճակն ու բանակցային գործընթացի հեռանկարները, այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունից հայտնի չէին: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հետագայում պարզաբանեց, թե համանախագահներն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկումներ են ունեցել՝ «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա»: Հ. Հաջիեւի խոսքերով՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, առկա առաջարկների եւ կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»:

Թե ինչն է խոչընդոտում, որպեսզի մինչ այժմ ոչ պակաս ինտենսիվ բանակցությունների արդյունքում պաշտոնական Բաքուն կառուցողական կեցվածք դրսեւորի, հարգի ձեռք բերված պայմանավորվածությունները եւ իրականացնի ներկայացված պահանջները՝ Բաքվում, իհարկե, գերադասում են լռել:

ԱՄՆ-ը հետաքրքրված է հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնմամբ

Փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Ս. Սարգսյանն ընդգծել էր, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը եւ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Բ. Բրինքը բարձր էր գնահատել հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ ընդգծելով հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը:

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ու Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ»,- ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Բրիջիթ Բրինքի հանդիպմանը ամերիկացի պաշտոնյան նշել էր, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով:

Մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, եւ մենք շարունակում ենք ամերիկյան նոր եւ մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում»,- շեշտել էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։ Նալբանդյանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներն էր ներկայացրել՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ՄԽ-ի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը:

«Արտգործնախարարը հավելեց, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը եւ թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել»,- ասվում էր ԱԳՆ-ի մամլո հաղորդագրությունում: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Ալիեւի նախընտրական «դոզան»

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ամերիկացի պաշտոնյան տարածաշրջանում էին՝ Ալիեւը «փայլեց» քարոզչական դերի մեջ: Իշխող կուսակցության նիստում Ղարաբաղն «անհապաղ վերադարձնելու» Ալիեւի բազմամյա ավանդական դարձած ելույթն այս անգամ համեմվեց «Երեւանյան խանության, «Զանգեզուրի պատմական հողերի» եւ «պատմական հողեր վերադառնալու» վերաբերյալ բոցաշունչ տեքստով:

Ալիեւի նախընտրական-քարոզչական մեկնարկն իր «դոզայով», ինչ խոսք, «տպավորիչ» էր: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ, որ սա տարիներ շարունակ Ալիեւի ձեռքով պետական քաղաքականություն է դարձել Ադրբեջանում՝ հայատյացության եւ Ղարաբաղի հարցով ռազմաշունչ քարոզչությամբ: Այս առումով Ալիեւին նույնիսկ կարելի է «նվեր» համարել Երեւանի եւ Ստեփանակերտի համար. հենց նա իր քաղաքականությամբ տարիներ շարունակ հետեւողականորեն ապացուցում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշված լինի: Հենց Ալիեւն է ցույց տալիս, թե ինչպիսին չպետք է լինի «բանակցողը» եւ ինչու չի կարելի նման «բանակցողի» որեւէ խոսքին հավատալ:

Գիտակցո՞ւմ է Ալիեւը, թե ինչ ծառայություն է մատուցում հայկական դիվանագիտությանը, սա այլ հարց է: Ամեն դեպքում, հայկական կողմի շահերից է բխում, որ նա անշեղորեն շարունակի իր քաղաքականությունը՝ վերցնելով խաղաղ բանակցությունները տապալողի «դափնիները»: Թեեւ սա չի նշանակում, որ հայկական կողմը նման իրավիճակում պետք է կորցնի զգոնությունը:

Իսկ թե ինչ է նշանակում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների տարածաշրջանային այցի օրերին նման «դոզայի» ցուցադրությունը Ալիեւի կողմից, թերեւս, մտորելու առիթ է: Ըստ ամենայնի, Ալիեւին շարունակում են չգոհացնել միջնորդ երկրների՝ իրենից ակնկալիքները, պայմանավորվածությունները հարգելու վերաբերյալ նրան ներկայացված պահանջները: Նա միջնորդների հետ բանակցությունների սեղանի շուրջ չի կարող իրեն բնորոշ «դոզայով» դժգոհություն արտահայտել, նրան մնում է դա իրականացնել համանախագահների հետ հանդիպումից հետո՝ իր կուսակիցների հետ շրջապատում:

Ամփոփումը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.02.2018